Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում մեկնարկել են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները 

Երևանում մեկնարկել են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման 
դասընթացները 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագրի բացման պաշտոնական հանդիսությունը տեղի ունեցավ Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարի ծրագիրն իրականացնում է Մանկավարժական համալսարանը։ 
Սփյուռքի ուսուցիչների համար վերապատրաստումներ կազմակերպելու փորձ ունի նաև ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը, որը դասընթացներ է անցկացրել վերջին 6 տարում։ 
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ասաց, որ արդեն 18-րդ անգամ են իրականացվում Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները։ 
«Այս տարի Հայաստան են եկել 62 ուսուցիչ աշխարհի 17 երկրից (ԱՄՆ, Ֆրանսիա, Արգենտինա, Ավստրալիա, Բուլղարիա, Իսպանիա և այլն)։ ՀՀ ԿԳՆ-ն՝ որպես այս դասընթացների կազմակերպիչ, այս տարի մեզ հանձնարարել է անցկացնել վերապատրաստման դասընթացները»,- նշեց ռեկտորը։ 
Նա հավաստիացրեց, որ իրենց համալսարանը կանի ամեն ինչ, որպեսզի վերապատրաստումն անցնի պատշաճ մակարդակով և նպաստի սփյուռքի ուսուցիչների կարևորագույն գործի իրականացմանը աշխարհի տարբեր երկրներում։ 
Հանդիսավոր բացմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նաև Մանկավարժական համալսարանի շրջանավարտ է, շատ կարևորեց այս իրադարձությունը՝ որակելով այն պատմական։ 
«Յուրաքանչյուր անգամ սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները Մայր Հայաստանում պատմական իրադարձություններ են։ Պատմական են, քանի որ դժվար է գերագնահատել սփյուռքյան գաղթօջախների դերն ու նշանակությունը մեր կյանքում։ Դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում դպրոցներն ու եկեղեցիներն են հանդիսացել հայի համար դպրության և հայրենասիրության տաճարներ։ Այսօր էլ անկախ Հայաստանի պայմաններում դեռևս մեր հայրենակիցների մեծ մասն ապրում է ՀՀ սահմաններից դուրս և շատ կարևոր է սփյուռքի հայկական գաղթօջախների կապը Մայր Հայաստանի հետ ամրապնդել։ Այդ կապն ավելի ուժեղ, քան հայոց լեզվի ու հայոց պատմության միջոցով կերտելն անհնար է»,- ասաց Շարմազանովը։ 
Նա իր և ՀՀ Աժ անունից խորին շնորհակալություն հայտնեց սփյուռքի ուսուցիչներին իրենց նվիրական աշխատանքի համար։ 
Խոսելով ծրագրի մասին՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ասաց, որ այդ ուսուցիչները շատ կարևոր առաքելություն են իրականացնում։ 
«Նրանք բացի այստեղ վերապատրաստվելուց, կարծում եմ, նաև պետք է մեզ ներկայացնեն իրենց երկրների փորձը»,- շեշտեց Մանուկ Մկրտչյանը։ 
Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը գործում է 2000 թվականից, որն աստիճանաբար ընդլայնվել և խորացել է։ Առաջին դասընթացներն իրականացրել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը։ 2002 թվականից սկսած այն ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից։ Ներկայումս ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության և ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը։ Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները կամ համապատասխան ուսումնական հաստատությունները։ 
Այս տարի նախատեսված է վերապատրաստում վեց ուսումնական խմբերում՝  մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի և գրականության դասավանդման, լրացուցիչ կրթության կազմակերպման ուղղություններով, ինչպես նաև փոքր խումբ՝ արտասահմանյան բուհերում հայերեն ուսումնասիրող ուսանողների համար։ Դասընթացների վերջում ուսուցիչներին տրվում են ՀՀ ԿԳ նախարարության և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի վկայագրեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am