Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Սեւան քաղաքի հանրային երեք լողափերում տրվեց հանգստյան սեզոնի մեկնարկը

Սեւան քաղաքի հանրային երեք լողափերում տրվեց հանգստյան սեզոնի մեկնարկը

ԳԱՎԱՌ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքի թիվ 1,2,3 հանրային լողափերում հանդիսավորությամբ տրվեց հանգստյան սեզոնի բացումը, որին մասնակցեցին ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, «Սեւան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան աշխատակից Ֆրեդերիկ Ռայնվոլտը, պաշտոնական այլ անձինք: Հանգստյան սեզոնի բացման կապակցությամբ ողջունելով եւ շնորհավորելով ներկաներին՝ ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ Սեւանա լիճը համաշխարհային նշանակության էկոհամակարգ է, որը հարկավոր է շարունակ պահպանել ու զարգացնել՝ այն արդյունավետ ծառայեցնելով մեր ժողովրդի եւ երկրի կարիքներին:

«Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման ու զարգացման այն ծրագրերը, որ ընկած են պետական որոշումներում, չեն կարող ոչ մի կերպ իրականացվել, եթե դրան սրտացավորեն չմասնակցեն բոլոր շահագրգիռ կառույցներն ու անհատները: Միաժամանակ Սեւանն իր բազմազան գրավչություններով պետք է հասանելի լինի մեր երկրի բոլոր քաղաքացիներին, ինչի համար էլ պետության կողմից ժամանակին ստեղծվել են հանրային լողափերը, որոնցից 3-ը գործելու են այս տարի : Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի մոտակա ժամանակներում կարողանանք ավելացնել հանրային լողափերի թիվը նաեւ մարզի մյուս տարածքներում կամ համայնքներում, որպեսզի ավելի շատ մարդիկ Սեւանա լճի ափին իրենց հանգիստն անվճար վայելելու հնարավորություն ունենան»,-նշեց Արծվիկ Մինասյանը:Նախարարը հավաստեց նաեւ, որ շուտով տրվելու է Ծովագյուղի տարածքի հանրային լողափի շինարարության մեկնարկը, որտեղ ինքը եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այսօր այցելել են անձամբ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն իր հերթին շեշտեց, որ մարզպետարանը եւս անելու է հնարավորը, որպեսզի առաջիկայում էականորեն ավելանան հանրային լողափերը, իսկ մարզի ողջ տարածքը, այդ թվում եւ հանրային լողափերը, ունենան մշտական եւ ակնառու մաքրություն:«Այսօր մենք «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հայտարարել ենք համամարզային հերթական շաբաթօրյակը, որին մասնակցում են մարզի բոլոր կազմակերպությունները: Հուսով եմ, որ մենք ճիշտ ու արդյունավետ կօգտագործենք Սեւանի գրավչությունները, կավելացնենք հանրային լողափերը, կզարգացնենք տուրիզմը՝ իր ամենատարբեր ճյուղերով»,-ներկաներին դիմեց մարզպետը:
«Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի ոչ միայն մասնակցենք հանգստյան սեզոնի բացմանը, այլ նաեւ Գեղարքունիքի մարզում տուրիզմի հետագա զարգացմանը: Ողջունում եմ Հայաստանի եւ Ֆրանսիայի Հանրապետությունների Գեղարքունիքի եւ Իզերի մարզերի, ինչպես նաեւ առանձին քաղաքային համայնքների միջեւ հաստատված ապակենտրոնացված համագործակցությունը տուրիզմի ոլորտում եւ միաժամանակ ցանկանում, որ բոլորս ամեն օր անհանգստանանք Սեւանի մաքրության պահպանման համար»,-նշեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան աշխատակից Ֆրեդերիկ Ռայնվոլտը:Հանգստյան սեզոնի բացումն ուղեկցվեց գեղարվեստական ծրագրերով, որոնք հանդիսության մասնակիցներին մատուցեցին Սեւանի մշակույթի կենտրոնի, Սեւանի դպրոցների եւ «Սեւան երիտասարդական ակումբ» ՀԿ երգի-պարի խմբերի սաները:
Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանը, հուլիսի 1-ից բացված հանրային երեք լողափերում 12-ժամյա փրկարարական ծառայություն է իրականացնելու Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ջրափրկարարական հատուկ ջոկատը:«Մեր ջրափրկարարները հսկողություն են իրականացնելու ամեն օր, ժամը 9-ից մինչեւ 21-ը: Մենք ապահովված ենք անհրաժեշտ լողամիջոցներով ու տեխնիկական միջոցներով, ջրափրկարարների անհրաժեշտ անձնակազմով: Հարկ եղած դեպքում հսկողությունը կարող ենք դարձնել շուրջօրյա, եթե դրա կարիքը զգացվի: Մենք արձագանքելու ենք նաեւ բոլոր այն կանչերին, որ կստանանք մարզի ամենատարբեր տարածքներից»,-ներկայացրեց փրկարարական վարչության պետը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանի հավաստմամբ՝ հուլիսի 1-ից հանրային լողափերից օգտվողների համար գործելու է 2 բուժկետ եւ շտապօգնության ծառայություն:«Շտապօգնության ծառայությունը գործում է պետավտոտեսչության կետի մոտ՝ Երեւան-Սեւան մայրուղու վրա, իսկ բուժկետերը՝ Հանրային թիվ 1 եւ Քաղաքային լողափերում՝ ժամը 9-ից մինչեւ 21-ը»,-ներկայացրեց Անուշ Պողոսյանը:
Միջոցառման ավարտին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը եւ «Ստորջրյա հետազոտությունների կենտրոն» ՀԿ ղեկավարը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ Սեւանա լճում ստորջրյա հետազոտություններ իրականացնելու նպատակով:«Մեր նպատակը Սեւանա լճում մանրակրկիտ ստորջրյա հետազոտության իրականացումն է, գիտական ուսումնասիրությունների միջոցով բազմաթիվ հարցերի ու գաղտնիքների պարզաբանումն ու բացահայտումը: Այս հուշագիրն ավելի շատ գիտական ուղղվածություն ու նշանակություն ունի»,-ամփոփեց նախարար Արծվիկ Մինասյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am