Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Աթեշյանի լիազորությունների դադարեցման մասին պատրիարքարանի որոշումը հանձնվել է Ստամբուլի նահանգապետարանին

 Աթեշյանի լիազորությունների դադարեցման մասին պատրիարքարանի որոշումը հանձնվել է Ստամբուլի նահանգապետարանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանը հունիսի 29-ին պաշտոնապես Ստամբուլի նահանգապետարան է ներկայացրել Եկեղեցական համագումար ժողովի կողմից ընդունված վերջին որոշումը, որով դադարեցված են համարվում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական ընդհանուր փոխանորդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Եկեղեցական ժողովի որոշումը նահանգապետարանին է հանձնել Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նա հայտնել է, որ որոշումը կկցվի նախապես Ստամբուլի նահանգապետարան ուղղված դիմումին: Այդպիսով, պետությանը պատրիարքական ընտրության գործընթացի վերաբերյալ ներկայացված թղթածրարն ավելի ամբողջական կդառնա: «Այժմ պետք է սպասենք, որ նահանգապետարանի կամ պատկան այլ մարմինների կողմից նամակ ուղարկվի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին, կամ նրան հրավիրեն նահանգապետարան հանդիպման»,- նշել է Մաշալյանը:

Հուլիսի 4-ին պատրիարքարանում Բեքչյանի գլխավորությամբ տեղի կունենա համայնքային խորհրդակցություն, որտեղ բացի համայնքային հաստատությունների ղեկավարներից ներկա կլինեն նաև Կրոնական ժողովի անդամները: Այդ ժողովի ընթացքում պատրիարքի ընտրության կազմակերպման նպատակով ստեղծվելու է Նախաձեռնող խումբ, որն ունենալու է 17 անդամ: Նրանցից 12-ին առաջարկելու են և ընտրեն համայնքային մարմինների ներկայացուցիչները, նրանց գումարվելու են ևս հինգ անդամ պատրիարքարանին տրվող քվոտայի միջոցով:

Դրանցով ավարտված են համարվելու պատրիարքական ընտրության համար համայնքից կախված բոլոր նախապատրաստությունները:

Նախաձեռնող խմբի ձևավորումից հետո աստիճանաբար կազմավորվելու են տեղական ընտրական հանձնախմբեր, որոնք գործելու են Ստամբուլի տարբեր թաղերում:

Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական ընդհանուր ժողովը հունիսի 28-ին որոշում է կայացրել դադարեցնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական փոխանորդ: Որոշումը կայացվել է 22 կողմ և երկու դեմ ձայներով:

Որոշման ընդունումից հետո Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն պաշտոնապես ստանձնել է տեղապահի իր պաշտոնը, որում ընտրվել էր մայիսի 24-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am