Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի-ԱՄՆ հարաբերությունների հաստատման 25-ամյակին միջոցառում է տեղի ունեցել «Քարնեգի» հաստատությունում

Հայաստանի-ԱՄՆ հարաբերությունների հաստատման 25-ամյակին միջոցառում է տեղի 
ունեցել «Քարնեգի» հաստատությունում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի հանրահայտ հետազոտական կենտրոններից մեկում` «Քարնեգի հիմնադրամ» հաստատությունում հունիսի 27-ին տեղի ունեցավ քննարկում` նվիրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, ով իր ելույթում խոսեց երկկողմ հարաբերությունների օրակարգի ընթացիկ հարցերի մասին՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև հարաբերություններն այլևս թևակոխում են նոր փուլ, որը նշանավորվում է «օգնությունից դեպի առևտուր» անցումով: 

Միջոցառման բանախոսներն էին ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպաններ Փիթեր Թոմսենը, Ջոն Էվանսը, Ջոն Օրդուեյը, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ նախկին և ներկայիս դեսպաններ Ռուբեն Շուրգարյանն ու Գրիգոր Հովհաննիսյանը: Բանախոսները ներկայացրեցին երկու երկրների հարաբերություններում տեղի ունեցած զարգացումները, հարաբերությունների ձևավորման և կայացման ընթացքը, դրանց ներկա վիճակը և ապագայի հեռանկարները: Ելույթներին հաջորդեց հարցուպատասխան:

Դեսպան Հովհաննիսյանը խոսեց երկու ժողովուրդների միջև պատմական բարեկամության, Հայաստանի անկախության կայացման, Հայաստանում շուկայական տնտեսության և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ժամանակակից հասարակության ձևավորման հարցում ԱՄՆ ցուցաբերած աջակցության մասին:

Խոսելով երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնակվող քայլերի մասին` Գրիգոր Հովհաննիսյանը վստահություն հայտնեց, որ երկու երկրներն ամենատարբեր ոլորտներում շարունակելու են բազմաբնույթ և բազմաբովանդակ համագործակցութուն: Դեսպանը համոզմունք հայտնեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և նորարարությունների ասպարեզում Հայաստանում առկա հսկայական ներուժը տնտեսական փոխգործակցության ընդլայնման համար պարարտ հող է հանդիսանում:

Միջոցառմանը մասնակցում էին նաև Վաշինգտոնի փորձագիտական, ակադեմիական, դիվանագիտական շրջանակների և տեղի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am