Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստանում վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացման համար վարկային արտոնություններ են տրամադրում  

Հայաստանում վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացման համար վարկային արտոնություններ են տրամադրում

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերականգնվող էներգետիկայի զարգացումը մեծ խթան կարող է հանդիսանալ Հայաստանում  տնտեսության աճին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 28-ին Գերմանա-հայկական հիմնադրամի շրջանակում իրականացվող «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի շահառուների համար կազմակերպվող սեմինարի ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:  Նրա խոսքով`«Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի շրջանակում տոկոսադրույքները շատ ցածր են սահմանված, ինչը հնարավորություն է տալիս ավելի շահագրգռել ներդրողներին:

«Բացի այդ, վերականգնվող էներգիայի և էներգախնայողության բաղադրիչը արդեն իսկ դրված է մի շարք այլ վարկային ծրագրերում, մասնավորապես, գյուղացիական վարկավորման ծրագրերում: Այնտեղ այս բաղադրիչը բավականին տեսակարար կշիռ է կազմում, որը միանգամայն ողջունելի եմ համարում»,-ընդգծեց Աբրահամյանը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալը նկատեց, որ  այս ոլորտում վարկավորման ներդրված մեխանիզմները  նախ և առաջ ունեն բարձր վերադարձելիության մեծ հնարավորություն, ինչպես նաև  ապահովվում է շարունակական ֆինանսավորումը, քանզի ներդրողների տեսանկյունից այն շատ գրավիչ է:

Աբրահամյանը նշեց, որ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում գերմանական KfW-ի հետ համագործակցությունը համակարգային նշանակություն ունեցավ:

«Ֆինանսական կազմակերպություններում և բանկերում ձևավորվեցին կառույցներ, և ունեցանք մասնագետներ, ովքեր սկսեցին հասկանալ վերականգնվող էներգիայի ոլորտից, և հնարավորություն եղավ առավել բարենպաստ միջավայր ու պայմաններ  ստեղծել վարկավորման տեսանկյունից: Այստեղ կարևորություն ունի գերմանացի փորձագետների առկայությունը, ովքեր շարունակական աջակցություն են ցուցաբերում: Կարծում եմ, որ KfW-ի հետ համագործակցությունը համակարգային նշանակություն ունեցավ»,- ասաց Աբրահամյանը:

  Գերմանա-հայկական հիմնադրամի տնօրեն Գևորգ Թումանյանը կարևորեց ՀՀ կառավարության աջակցությունը այս համեմատաբար նոր ոլորտի զարգացմանը և նշեց, որ այս ծրագրի շրջանակում արդեն իսկ ֆինանսավորվել են արևային էներգիայի հիման վրա ստեղծված 97 նախագիծ, որոնց գերակշիռ մասը՝ 86-ը արևային ջրատաքացուցիչներն են և 11-ը՝ ֆոտովոլտային կայանները:

«Մեր նպատակն է, որպեսզի այդ կայանները ոչ միայն անձնական նպատակներով օգտագործվեն, այլ նաև շահառուն հետագայում կարողանա ավելցուկային էներգիան վաճառել և բիզնեսի միջավայր ստեղծել»,-ընդգծեց Թումանյանը:

 «Վերականգնվող էներգիայի աջակցում» վարկային ծրագրի նպատակն է մրցույթով ընտրված ՀՀ առևտրային բանկերի միջոցով վարկեր տրամադրել գործող փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) վերակառուցման և վերազինման, ինչպես նաև նոր կառուցվող փոքր ՀԷԿ-երի համար, ինչը կնպաստի էլեկտրաէներգիայի արտադրման և մատակարարման բարելավմանը և, որպես արդյունք, տնտեսության հետագա զարգացմանը:

2004 թվականի նոյեմբերի 24-ին KfW-ի և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքվեց “Վերականգնվող էներգիայի աջակցություն” 6 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր: Հաշվի առնելով ծրագրի առաջին փուլի հաջող ընթացքը՝ 2010 թվականի մայիսի 3-ին ՀՀ կենտրոնական բանկի և KfW բանկի միջև կնքվեց նոր վարկային պայմանագիր` Գերմանա-հայկական հիմնադրամի “Վերականգնվող էներգիայի աջակցություն” (երկրորդ փուլ) վարկային ծրագրի շրջանակում 18 միլիոն վարկային միջոցների տրամադրման վերաբերյալ:

2012 թվականին նոյեմբերի 13-ին KfW-ի և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքվեց “Վերականգնվող էներգիայի աջակցություն” (երրորդ փուլ) վարկային ծրագրի շրջանակում 40 միլիոն եվրոյի վարկային նոր պայմանագիր, որի շրջանակում նախատեսվում է ավելի լայն վարկավորում վերականգնվող էներգիայի ոլորտում: Մասնավորապես, նախատեսվում է հողմային, արևային և այլ տեսակների վերականգնվող էներգիայի նախագծերի վարկավորում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am