Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վաչե Գաբրիելյանը ԵԱՏՄ-ին անդամակցումը դրական է գնահատում Հայաստանի համար

Վաչե Գաբրիելյանը ԵԱՏՄ-ին անդամակցումը դրական է գնահատում Հայաստանի 
համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն օգտակար է համարում Հայաստանի համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վաչե Գաբրիելյանն ընդգծեց, որ կառավարությունը համեմատական վերլուծություն է իրականացրել մի կողմից ԵԱՏՄ անդամ Հայաստանի, մյուս կողմից եվրոասոցացման գործընթացում գտնվող Վրաստանի և Մոլդովայի միջև՝ գնահատելու հավանական էֆեկտները: «Մենք գնահատել ենք եվրոասոցացում անցած երկրները՝ Վրաստանն ու Մոլդովան:  Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ ԵԱՏՄ անդամակցությունը դրական է մեզ համար: Նույն ֆինանսական հոսքերի տեսանկյունից ավելի շատ ստանում ենք, քան տալիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց փոխվարչապետը: 

Նրա խոսքով` մինչև ԵԱՏՄ-ին անդամակցելը ևս ՀՀ-ն ՌԴ-ի հետ առևտուր անում էր, մինչդեռ անդամակցությունից հետո որոշ առավելություններ տրվեցին: «Հիմա նույն միության մեջ ենք, որի արդյունքում մաքսային ձևակերպումները թեթևացել են, մաքսատուրքը նվազել է: Համաշխարհային բանկն ասում է, որ գործարարությամբ զբաղվելու համաթվով մենք ունեցել ենք առևտրային պայմանների բարելավում, որը վերաբերում է հենց մաքսային պայմանների բարելավմանը»,- հավելեց Գաբրիելյանը:

Փոխվարչապետը բնական համարեց, որ ԵԱՏՄ անդամակցությունից հետո երրորդ երկրների հետ Հայաստանի առևտրային հարաբերություններում խնդիրներ են առաջացել: «Բնականաբար պետք է առաջանային, քանի որ մենք անդամակցել ենք այլ կառույցի և դրանով մեր հարաբերությունները միջնորդավորում ենք միասնական տնտեսական տարիֆի միջոցով»,-նկատեց նա:

Գաբրիելյանը հիշեցրեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո 700 ապրանքների վերաբերյալ մաքսատուրքերի բարձրացումն արել է աստիճանաբար, որ դա անմիջապես չազդի տնտեսական սպառման վրա, որպեսզի  տնտեսավարողներն ու սպառողները կարողանան կամաց-կամաց անցնել այդ նոր մաքսատուրքերին և ազդեցությունը միանգամից չզգացվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am