Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Թե ինչպես Հայաստանն ու Արցախը ոգեշնչեցին ու միավորեցին Եվրախորհրդարանի պատգամավորին եւ նրա հայ կնոջը


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանդիպեցին Տաթեւի վանքում, պսակադրվեցին՝ Խոր Վիրապում եւ նոր տպավորությունների ակնկալիքով շարժվեցին դեպի ԱրցախԵվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավորի եւ նրա հայազգի կնոջ սիրո պատմությունը սկիզբ առավ հենց Հայաստանում, որտեղեւ կազմակերպեցին հարսանիքը: Ֆրանկ Էնգելը Հայաստանն այնքան էր սիրել, որ որոշել էր նախքան ամուսնության առաջարկ անելը մի պայման դնել՝ հարսանիքը միանշանակ Հայաստանում է լինելու:

«Դե, ես էլ շատ չըմբոստացա»,-ժպիտով ասում է պատգամավորի կինը՝ Տաթեւ Մանուկյանը:

Խոր Վիրապի վանքով պատգամավորը դեռեւս տարիներ առաջ էր տպավորվել, սակայն այդ ժամանակ նույնիսկ մտքով էլ չէր անցել, որ մի օր վանք կմտնի արդեն հարսացուի ձեռքը բռնած:

«Վանքը նորություն էր միայն մեր արտասահմանյան հյուրերի համար , բայց ոչ՝ Ֆրանկի: Խոր Վիրապի ընտրությունը կապված էր նրա հետ, որ նախ ես այնտեղ եմ կնքվել, ինչպես նաև մեզ համար կարևոր էր սիմվոլիկան՝ կապված այդ իսկ վանքից Գրիգոր Լուսավորիչով քրիստոնեության տարածման հետ, որովհետև երկուսս էլ քրիստոնեական արժեքների կրողներ ենք։ Շատ ոգեշնչող էր հենց Արարատին այդքան մոտ գտնվելով ստանալ մեր միասնության օրհնությունը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Տաթեւը:

Չստացվեց հարսանիքի նախապատրաստական աշխատանքը կազմակերպել միասին. Հայաստանից հեռու, հագեցած աշխատանքային օրեր եւ շատ քիչ ժամանակ, սակայն ոգեւորությունը այնքան մեծ էր, որ մի քանի շաբաթում անտեսեցին եւ ժամանակի սղությունը եւ  հեռավորությունը, կազմակերպեցին համեստ, բայց ժամանակակից, հնարավորինս հարմարավետ ու յուրօրինակ հարսանիք:

«Ֆրանկը նախապատրաստական աշխատանքները վստահել էր ինձ և մեր հարսանեկան կազմակերպչին՝ Անի Ջուլհակյանին իր թիմի հետ միասին։ Նրանք ինձ շատ օգնեցին՝ հատկապես հաշվի առնելով, որ ես Հայաստան էի ժամանել հարսանիքից ընդամենը 3 շաբաթ, իսկ Ֆրանկը՝ 3 օր առաջ»։

Թեպետ ժամանակը սուղ էր, սակայն դա չէր խանգարել զույգին պատշաճ կերպով նախապատրաստվել հարսանիքին, կարեւորը՝ հայկականը մի քիչ շատ լիներ, ու իրականում, ամեն ինչն էր հայկական՝ հրավիրատոմսը, ցորենի հասկերով ծաղկեփունջը, անգամ հարսնացուի քողը, որի վրա ասեղնագործված էին հայկական տառերը: Միակ խնդիրը, Տաթեւի խոսքով, կապված էր լուսանկարվելու հետ, այդ հարցում պետք էր հստակ աշխատանք տանել Ֆրանկին համոզելու համար, քանի որ վերջինս չի սիրում լուսանկարվել:

«Ինձ համար հարսանիքի ամենակարևոր բաղադրիչներից մեկը հրավիրատոմսի մտահղացումն էր, որը առաջացավ Marashlyan Photo Atelier-ում Էմմա Մարաշլյանի կողմից արված ֆոտոներից, որտեղ Ֆրանկը արցախյան տարազ է կրում, իսկ ես՝ հարսանեկան։ Գիտեք՝ հայոց լեզուն մեր մշակույթի բարձրագույն արժեքներից է, որով եվրոպական միջավայրում շատ եմ գլուխ գովում, ու իմ վաղեմի երազանքն էր հայկական տառերը հարսանեկան քողիս վրա ունենալը, որն էլ ինձ տարավ դեպի Տերյան մշակութային կենտրոն Լիլիթ Մելիքյանի մոտ։ Հայկական տառերով քողը որպես աքսեսուար հետագայում էլ եմ օգտագործելու։ Անչափ սիմվոլիկ էին նաև ցորենի հասկերով հարսանեկան ծաղկեփունջը և Ֆրանկի՝ նույն հասկերով կրծքազարդը»։

Պատգամավորի կնոջ խոսքով՝ ամենից առավել կարեւորություն են տվել հարսանիքին հյուրերի հարմարավետությունն ապահովելուն։ Հյուրերի համար հարսանիքը վերածել էին մեկօրյա հիշարժան ճամփորդության՝ ապահովելով նրանց տեղափոխությունը Երևանից դեպի Խոր Վիրապ և Խոր Վիրապից դեպի հարսանեկան սրահ ավտոբուսով, որտեղ էքսկուրսավարն ամբողջ ճանապարհին հարսանիքին հրավիրված արտասահմանյան հյուրերին պատմել էր Հայաստանի, հայոց պատմության, Խոր Վիրապի պատմությունը:

«Իսկ մինչ ես և Ֆրանկը զբաղված էինք վանքի տարածքում ֆոտոնկարահանմամբ, հյուրերին հյուրասիրվել էր հայկական գինի և պանիր։
Հարսանիքը բացառապես հայկական չէր, իհարկե, կային լյուքսեմբուրգյան տարրեր, բայց ընդհանրացված կարող եմ ասել, որ գերակայող հայկական համն ու հոտը խառնված էր ժամանակակիցին»,
-պատմում է Տաթևը։

Հայաստանում իրենց սերը գտած զույգը ջանք չէր խնայել արտասահմանցի հյուրերին ծանոթացնելու հայկական պատմությանն ու մշակույթին, խոհանոցին ու հյուրընկալությանը՝ նրանց առիթ տալով մտածել նորից ու նորից Հայաստան այցելելու մասին:

«Ֆրանկը և ես համոզված ենք, որ Հայաստանի բարեկամների ցուցակը համալրվեց ևս մի քանի տասնյակ օտարազգիներով: Իմ ընտանիքի անդամները ևս ժամանել էին Բելգիայից, ովքեր նպաստեցին օտարազգի հյուրերի՝ հայկական մշակույթն ավելի լավ ճանաչելուն։
Քանի որ գերնպատակ էր օտարազգի հյուրերին ծանոթացնել հայկական երգ ու պարին, հրավիրել էինք Գողթ խմբին, ում միջոցով մեր արտասահմանյան հյուրերը ծանոթացան հայկական երաժշտական մի քանի գործիքներին։ Ինչպես նաև ստացան հայկական պարի մաստերկլաս, որին մեծ ոգևորությամբ մասնակցեցին։
Ես ինքս՝ ոգևորված լինելով Սայաթ-Նովայի Նազանիով, պատրաստել էի հարսի պար։ Հատուկ պարի համար Տերյան մշակութային կենտրոնում պատրաստվել էր հարսանեկան տարազ, որին այնքան էի «ձուլվել», որ հարսանեկան պարից մինչ օրվա ավարտը անցկացրել եմ հենց այդ տարազով»։


Հյուրերի համար հարսանիքը յուրահատուկ ու հիշվող էր ոչ միայն ճաշակի ու հարմարավետության համադրությամբ, այլեւ պարզության եւ անմիջականության. չկար ավելորդ ճոխություն, ցուցամոլություն. միակ բանը, որ Ֆրանկն ու Տաթեւը ցանկանում էին ցույց տալ, ուրախությունն էր ու միմյանց հանդեպ սերը:

«Միանշանակ առավելապես կարեւորել ենք ոչ թե  արտաքին տեսքի թանկարժեքությունը (իմիջիայլոց, հարսանեկան զգեստս ոչ բրենդային էր), անընդհատ մրցակցային ճոխություն հրամցնելը, այլ  հյուրերի հարմարավետությունը»:


Իսկ հարսանիքից հետո արդեն  որպես ամուսիններ Արցախ այցելելու մասին Տաթեւն ասում է. «Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ Արցախը մեզ շատ է ոգևորում և լիցքավորում։ Մեզ հետ էին նաեւ Ֆրանկի 2 ընկերները, ովքեր Արցախից մեծ տպավորություններով հեռացան։  Առհասարակ, սա մեր արտասահմանյան հյուրերի համար մեկշաբաթյա տպավորիչ հայաստանյան և արցախյան շրջագայություն էր, որի ընթացքում, ինչպես Ֆրանկն է ասում, հասցրեցինք նաև ամուսնանալ»:

Սյուզի Մուրադյան

Լուսանկարները՝  Gallery AK-ի (Անդրանիկ Քեշիշյան)



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ