Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Երաժշտության միջազգային տոնին Երևանում հայկական ժողովրդական և ֆրանսիական ստեղծագործություններ կհնչեն

Երաժշտության միջազգային տոնին Երևանում հայկական ժողովրդական և ֆրանսիական 
ստեղծագործություններ կհնչեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա Չագրեանը, «Գողթ», «The Bird» (Թռչունը), «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբերի երաժիշտներից կազմված նոր խումբը հունիսի  21-ին սիրահարների այգում հանդես կգա գեղեցիկ ու յուրահատուկ համերգային ծրագրով, որը նվիրված է երաժշտության միջազգային օրվան: Համերգին կհնչեն հայկական ժողովրդական «Թամզարա», «Խիո», «Բալենի» և ֆրանսիական ստեղծագործություններ նորովի մեկնաբանությամբ:

«Շատ ենք սիրում ու գնահատում Շառլ Ազնավուրին և Էդիթ Պիաֆին, բայց քանի որ նրանց  գործերը հայտնի են բոլորին, այս համերգին հնչեցնելու ենք հանրության լայն շրջանակին անծանոթ ֆրանսիական երգեր, որոնք կհամեմվեն հայկական ժողովրդական գործիքների մեղեդիներով: Փորձել ենք համադրել ջազ,  ժողովրդական, ֆյուժն ոճերը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց երգչուհի, ակորդեոնահար Սևանա Չագրեանը:

Նա ասաց, որ արդեն երկու տարի է Փարիզից եկել է Երևան, ապրում է հայրենիքում, զբաղվում երաժշտական  գործունեությամբ: «Երկու  հայրենադարձ ընկերներիս հետ երաժշտական կենտրոն եք բացել և մեծահասակներին ու փոքրիկներին ալտերնատիվ երաժշտական կրթություն ենք դասավանդում»,-ընդգծեց երգչուհին ու հավելեց, որ Փարիզում երգում և նվագում է «Մեծ բազար» խմբում, որը տարբեր ազգերի երաժշտություն է ներկայացնում, տարբեր լեզուներով:

«Ուրախ եմ, որ Հայաստանում եմ և որ նման միջոցառում կազմակերպելու հնարավորությունն ինձ է ընձեռվել»,-եզրափակեց նա:

 «Գողթ» խմբի երաժիշտ Հայկ Կարապետյանի խոսքով` նման համերգները շատ կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս որակյալ ու բազմաշերտ երաժշտություն ներկայացնել երաժշտասերների հոծ բազմությանը:

«Նվագում եմ ազգային փողային գործիքներ և պետք է շեշտեմ, որ հայկական մշակույթը, երաժշտութունը շատ ընդգրկուն է, բազմատար, ու հնարավորություն է տալիս հեշտությամբ անդրադառնալ այլ երկրների երաժշտական ստեղծագործություններին ու ներկյացնել դրանք ինքնատիպ մշակմամբ: Հուսամ` համերգը դուր կգա երաժշտասերներին»,-նշեց Հայկը:

 «Հաճելի է, որ այս նախագծի մասն եմ կազմում ու սիրով եմ մասնակցում երաժշտության միջազգային տոնին: Ընտրել ենք այնպիսի երգեր, որոնք ընկալելի ու հասանելի են, և թառը, դուդուկը, բլուլը չեն խեղաթյուրում այդ գործերը, այլ նպաստում են, դրանց ավելի հարուստ ու գեղեցիկ հնչողությանը»,-ընդգծեց թառահար Միքայել Ոսկանյանը:

Համերգն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ:

«Երաժշտության տոն»-ը ողջ Ֆրանսիայում և աշխարհի հարյուրավոր երկրներում նշվում է 1983 թվականի հունիսի 21-ից: Պաշտոնապես սահմանված այս տոնի նախաձեռնողը Ֆրանսիայի այն ժամանակվա մշակույթի նախարար Ժակ Լանգն էր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am