Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախ, Սևան, Ծաղկաձոր, Հունաստան. արցախցի երեխաների ճամբարային հանգստի վայրերը բազմաթիվ են

Արցախ, Սևան, Ծաղկաձոր, Հունաստան. արցախցի երեխաների ճամբարային հանգստի 
վայրերը բազմաթիվ են

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս տարի Արցախի դպրոցականներն իրենց ամառային հանգիստն ու ժամանցն անցկացնում են նաև հանրապետությունից դուրս կազմակերպվող ճամբարներում: Այս մասին ասել է ԱՀ կրթության,  գիտության և սպորտի նախարարության նախադպրոցական բաժնի վարիչ Աննա Այվազյանը:

«2009 թվականից Արցախում գործում է Այգեստանի «Ասպետ» ռազմամարզական ճամբարը: Այստեղ ճամբարականներն ստանում են զինվորական դաստիարակություն. Ջավախքից, Լիբանանից, Իրանից ճամբար է հաճախում շուրջ 500 երեխա: Մարտակերտի շրջանի Ծմակահողի «Պատանի բնագետ» ճամբարում ամեն տարի հանգստանում է 70 երեխա. այստեղ ընդգրկված են միայն բարձր տարիքի երեխաները: Ճամբարում դասուսուցումներն անց են կացվում բնության գրկում. նրանք ծանոթանում են նաև պատմամշակութային հուշարձաններին: Ամեն տարի Հայ ավետարանչական ընկերակցությունը Շուշիում կազմակերպում է շուրջ 1200-1300 երեխայի ճամբարային հանգիստը: Ստեփանակերտում արդեն երրորդ տարին է, ինչ N 5 և 10 դպրոցներում գործում են դպրոցական ամառային ճամբարներ: 250 երեխա հնարավորություն է ունենալու հուլիսի կեսերից իր ամառային հանգիստն անցկացնել նշված դպրոցներում: Իսկ «Հայկի սերունդ» կազմակերպությունն ամեն տարի Շուշիում է կազմակերպում վրանային ճամբար, որին էլ մասնակցում են բարձր տարիքի շուրջ 680 երեխա: Ապրելով վրաններում՝ նրանք իրենց հանգիստն անց են կացնում գրեթե զինվորական ռեժիմով: Հանգստացողների համար տարբեր պատմամշակութային վայրեր ուխտագնացություններ են կազմակերպում: Ինչպես անցած տարի, այս տարի ևս, հնարավոր է, որ ՀՅԴ-ն կազմակերպի բակային ճամբարներ»,-մանրամասնել է Աննա Այվազյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միությունը արդեն մի քանի տարի է, ինչ 800-900 արցախցի երեխայի ամառային հանգիստն կազմակերպում է Սևանի Ծովագյուղ կոչվող վայրում: Ճամբարի աշխատանքների մեկնարկը տրվել է. յուրաքանչյուր երկուշաբթի ճամբար է ուղարկվում 12-15 տարեկան հասակի 90 երեխա: «Անցյալ տարվանից նորություն էր Գյումրիի «Կուսաստան» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ՝ Ծաղկաձորում կազմակերպած ճամբարը: Անցյալ տարի այդտեղ հանգստացել է 200 երեխա, այս տարի՝ 150. նրանցից 50-ը մայրաքաղաքից են, իսկ 100-ը՝ Արցախի շրջաններից: Ճամբարի մեկնարկը տրվելու է հուլիսի 29-ին»,- նշել է բաժնի վարիչը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ սոցիալական առանձին խմբերի դպրոցականներն իրենց ամառային հանգիստն այս օրերին անց են կացնում Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում, և այնտեղ արդեն հանգստանում է 200 երեխա:

«Հունաստանի Սիրուս կղզում ամեն տարի 22 երեխա է հանգստանում: Այս տարի ևս օգոստոսի 21-ից արցախցի երեխաները, 2 շաբաթ հանգստանալու համար, կճանապարհվեն Հունաստան»,-հավելել է Աննա Այվազյանը:

Այն հարցին, թե սոցիալական խմբերերից զատ ի՞նչ սկզբունքով են ճամբարականների ընտրությունը կատարում, ԿԳՍՆ պատասխանատուն ասել է, որ ճամբարներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք, բայց առաջին հերթին նրանք, ովքեր վերը նշված կարգավիճակում են: «Այս տարի ԱՀ ԿԳՍ նախարարությունը նորություն մտցրեց. Արցախի «Նաիրուհի», «Արցախի բալիկներ» համույթների և Ստեփանակերտի մանկական երգչախմբի մի խումբ շնորհալի երեխաների խրախուսելու համար հանգստի ուղարկել Ծաղկաձոր և Սևան»,-ընդգծել է Ա. Այվազյանը և տեղեկացրել, որ նախարարությունը հորդորում է մայրաքաղաքի և շրջանների կրթության բաժիններին, որ հանգստի ուղարկվեն այնպիսի երեխաներ, ովքեր նախորդ տարիներին չէին ընդգրկվել որևէ ճամբարում:

ԱՀ ԿԳՍ նախարարությունը հոգում է ճամբարականների տրանսպորտային ծախսերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am