Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԵՄ-ն և Արևելյան գործընկերները մինչև 2020թ. նախանշել են 20 թիրախային արդյունք. Լյուքսեմբուրգի արդյունքները

ԵՄ-ն և Արևելյան գործընկերները մինչև 2020թ. նախանշել են 20 թիրախային արդյունք. Լյուքսեմբուրգի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության մասնակից երկրների՝ Լյուքսեմբուրգում կայացած նախարարական համաժողովը նախագահել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Համաժողովին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաժողովի քննարկման հիմնական օրակարգային հարցը 2017թ. նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստման հարցն էր:

Նախարարները քննարկել են նախորդ՝ 2015թ. Ռիգայում կայացած գագաթնաժողովից հետո արձանագրված հիմնական ձեռքբերումները՝ շեշտադրելով այն հիմնական օգուտների վրա, որ ծրագիրն ունեցել է մասնակից վեց երկրների քաղաքացիների համար:

«Այսօր մենք վերահաստատեցինք ԵՄ-ի և Արևելյան գործընկերների ուժեղ հանձնառությունը՝ շարունակելու մեր համագործակցությունը: Նոյեմբերին կայանալիք մեր գագաթնաժողովը ցույց կտա մեր միությունը և կենտրոնացվածությունը կոնկրետ արդյունքների վրա»,- հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին:

Նախարարները հաստատել են, որ առաջիկա գագաթնաժողովը պետք է ապահովի համագործակցության ամրապնդման հետագա ուղիները Ռիգայի գագաթնաժողովում մատնանշված չորս հիմնական ուղղություններով՝ առավել ուժեղ կառավարում (ամրապնդել ինստիտուտներն ու լավ կառավարումը), առավել ուժեղ հասարակություն (ավելացնել շարժունակությունն ու մարդկանց միջև կապերը), առավել ուժեղ տնտեսություն (խթանել տնտեսական զարգացումն ու բարեկեցության ապահովման նպատակով օգուտ քաղել շուկայական տնտեսության հնարավորություններից), առավել ուժեղ կապ (ընդլայնել կապերը, մասնավորապես տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում):

Նշված նպատակներին հասնելու համար ԵՄ բարձր ներկայացուցիչ Մոգերինին և հանձնակատար Հանը նախարարներին ներկայացրել են Արտաքին գործերի եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի համատեղ մշակած աշխատանքային փաստաթուղթը՝ «Արևելյան գործընկերություն՝ կենտրոնանալով հիմնական առաջնահերթությունների ու արդյունքների վրա»: Փաստաթղթում շեշտադրվում են այն 20 հիմնական արդյունքները, որոնց ԵՄ-ն և Արևելյան գործընկերները պետք է հասնեն մինչև 2020 թվականը:

Նախարարները նաև քննարկել են Արևելյան գործընկերության բազմակողմ կառուցվածքն առավել արդյունավետ դարձնելու հարցը, ինչի նպատակն է նշված ոլորտներում քաղաքականության համադրումն ու համապատասխանեցումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am