Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Սպասվող լրահոս. 20.06.2017


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:  

Հունիսի 20-ին նշվում է Փախստականների համաշխարհային օրը: Աշխարհի շատ երկրներում, այդ թվում Հայաստանում ամեն տարի այս օրը կազմակերպվում են միջոցառումներ` մեկ անգամ ևս հասարակության ուշադրությունը հրավիրելով փախստականների խնդիրների վրա: «Մենք կանգնած ենք Փախստականների կողքին» քարոզարշավի կապակցությամբ լրագրողների հետ կհանդիպի Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի /ՄԱԿ ՓԳՀ/ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը: Միջոցառման ընթացքում կցուցադրվեն նաև տեսանյութեր: Փախստականներ և տեղահանված անձինք նույնպես ներկա կլինեն միջոցառմանը:

«Մեր Գյուղը» խորագրով նախագիծ- առաջարկությունն իրականացնելու և փառատոնի անցկացման հնարավորությունները քննարկելու նպատակով ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն կազմակերպում է հանդիպում նախագծի հեղինակների, պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Առաջարկվում է 2017 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին Երևանում կազմակերպել փառատոն, որին իրենց արտադրանքը կներկայացնեն Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի գյուղատնտեսական ապրանքներ արտադրող ֆերմերային տնտեսությունները, անհատ ձեռնարկությունները, փոքր և միջին արտադրողները:

Լրագրողների հետ կհանդիպի Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա կանդրադառնա Հայաստանի ներքին, արտաքին քաղաքական զարգացումներին:

ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի քննարկման օրակարգում Երևանի տրանսպորտային կոմունիկացիաների զարգացման հեռանկարներն են: Այսօր սպասվող նիստում  հանձնաժողովի անդամները կանդրադառնան նաև հանքահումքային արդյունաբերության զարգացման արդյունավետության բարձրացման հարցին:

«Զվարթնոց» օդանավակայանում այսօր վայրէջք կկատարի Եգիպտոսից դեպի Երևան առաջին կանոնավոր չվերթը: Եգիպտական «Air Cairo» ավիաընկերությունը դեպի «Զվարթնոց» օդանավակայան կիրականացնի առաջին կանոնավոր չվերթը Շարմ Էլ Շեյխից և Հուրգադայից։ Ամբողջ տարվա ընթացքում կանոնավոր չվերթներ կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին: Առաջին չվերթով Հայաստան կժամանեն Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտների բացառիկ դեմքեր: Հայաստանում դիմավորող կողմում են ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը և հյուպատոսը, այլ պաշտոնատար անձիք:

Լույս է տեսել «Սյունիքի մարզի պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ու «Հոգու պարտք» ՀԿ նախագահ Շողինե Հովհաննիսյանը կներկայացնեն  ուղեցույցը:

Մարզական անցուդարձից: Հիմնվել է «Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության համահիմնադիրները` Սլավա Սարգսյանը, Աշոտ Մանուկյանը, Էդիկ Մարգարյանը, Յուրա Մամիկոնյանը, Սամվել Ղասաբօղլյանը կներկայացնեն կազմակերպության ստեղծման նպատակն ու առաջիկա անելիքները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ