Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

«Զիկատարում» էկոտուրիզմի ծառայությունների մատուցման և զարգացման լուրջ նախադրյալներ կան


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զիկատար» պետական արգելավայրի տարածքում առկա են էկոտուրիզմի ծառայությունների մատուցման և զարգացման լուրջ նախադրյալներ` հարուստ կենսաբազմազանություն,կացարաններ, խաղահրապարակներ, ջրավազաններ և այլն:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Իջևանի անտառտնտեսությունների կառավարման պլանների վերանայման ծրագրի համակարգող, կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանը: Նրա խոսքով` այդ ամենը հաշվի առնելով «WWF» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից «Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրներում և Ռուսաստանում անտառային օրենսդրության կիրարկման և անտառային ոլորտի բարելավման /ENPI FLEG/» ծրագրի շրջանակներում  արգելավայրի տարածքում գտնվող ուսումնական մասնաշենքում ստեղծել է էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոն անհրաժեշտ գործիք-սարքավորումներով և այլ օժանդակ նյութերով:

«Պատրասվել է երթուղիների քարտեզը, տեղադրվել են ցուցատախտակներ: Ներկայումս արգելավայրի տարածքում իրականացվում են Էկոտուրիզմի համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ»,- ասաց նա:

Ղուլիջանյանը նաև նշեց, որ «Զիկատարի» անտառում  2008 և 2013 թվականներին հիմնականում սկանդինավյան երկրների 18-ից մինչև 80 տարեկան շուրջ 50 ներկայացուցիչների մասնակցությամբ անց են կացվել բնության մեջ կողմնորոշման մրցումներ;

Նրա խոսքով` «Զիկատարը» հանդիսանում է անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի շրջանակներում իրականացվող գործնական ուսուցումների կենտրոն:

«Զիկատար» ԲԿ ՊՈԱԿ-ը հանդիսանում է  Անտառ հետազոտողների միջազգային կազմակերպությունների միության անդամ, որն զբաղվում է անտառագիտական խնդիրներով և ամեն տարի որևէ երկրում անցկացնում է գիտական կոնֆերանս և 2007թ. հերթական 9-րդը  ԱՊՀ երկրներում տարածքում առաջին անգամ անցկացվեց Զիկատարում` մասնակցությամբ երեսուն երկրներից ժամանած քառասուն մասնակիցների: «Այնուհետև սկսվեց մեր գործունեության բուռն շրջանը:

Հանրապետության անտառային տնտեսությունում իրավիճակի շտկումը, անտառի արդյունավետության և բնապահպանական հատկությունների բարելավումը, քայքայված անտառների վերականգնումը, անտառածածկ տարածքների ընդարձակումը և բազմաբնույթ պաշտպանական անտառաշերտերի հիմնադրումը, ինչպես նաև բազում բնապահպանական խնդիրներ հրատապ լուծումներ են պահանջում,  ինչը հնարավոր է միայն գիտականորեն հիմնավորված տնտեսվարման պայմաններում»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանի անտառները, բնությունը շատ են տուժել վերջին տարիներին, իսկ կորուստները վերականգնել է պետք: Եվ այդ խնդիրը պիտի լուծեն ուսուցանված, բանիմաց մարդիկ, որոնց մասնագիտական մակարդակի բարձրացմանն է նաև միտված «Զիկատարի» գործունեությունը:

Նա ընդգծեց, որ իրազեկման իրականացումը ևս «Զիկատարի» կարևոր գործառույթներից է, որը  նպատակաուղղված է հասարակության լայն շերտերի  էկոլոգիական գիտակցության և մշակույթի  զարգացման, բնություն նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ձևավորման օժանդակմանը և էկոլոգիական գիտելիքների և տեղեկատվության տարածմանը: 

«Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմավորվել է 1998թ. ՀՀ Բնապահպանության նախարարության կազմում՝ Պետական փակ բաժնետիրական ընկերության կարգավիճակով:

Հետագայում վերակազմավորվել է պետական ոչ առևտրային կազմակերպության, որի հիմնական գործառույթներից են անտառի և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների մշակումը, անտառային պաշարների տեղեկատվական բանկի ստեղծում և օգտագործման արդյունավետ ձևերի մշակում, ինչպես նաև այդ բնագավառների համար կադրերի գործնական ուսուցում և ակադեմիական հաստատությունների համապատասխան մասնագիտացմամբ ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպում:

Հարկ է նշել, որ վերջին 12 տարիներն կազմակերպության կողմից պատրաստվել են 5 անտառտնտեսությունների և 3 բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլաններ, ինչպես նաև Սևանա լճի ջրածածկ անտառտնկարքների մաքրման և էկոլոգիական հավասարակշռության վերականգնման նպատակով շուրջ 1100 հեկտար նոր անտառների հիմնման նախագծեր:

 Իրականացվել է Հայաստանի բնության հուշարձանների գույքագրման, չափագրման  և քարտեզագրական աշխատանքները:

Սկսած 2000 թվականից Հայաստանում, հիմնականում Երևանում իրականացվել են անտառային և բնապահպանական խնդիրներին ուղղված միջազգային սեմինարներ, ուսուցողական ծրագրեր:  2007 թվականից նման միջոցառումները պարբերաբար անց են կացվում  հանրապետությունում եզակի նորակռույց  «Զիկատար» բնապահպանական ուսումնական  կենտրոնումորը  1970-ականներին եղել է ՀՀ գիտությունների  ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի հենակետը և որի շրջական անտառներում տեղադրվել են տարբեր փորձահրապարակներ, որոնցում իրականացվում են մոնիտորինգային դիտարկումներ: Ուսումնական կենտրոնը գտնվում է Վրաստանի հանրապետության սահմանագլխին, ինչը հնարավորություն կնձեռնի համագործակցելու և կազմակերպելու մասնագետների համատեղ ուսուցումներ  և տարածաշրջանային հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովներ, կոնֆերանսներ:

Ներկայումս  150 հեկտար զբաղեցնող անտառխախտումներից զերծ մնացած անտառ տարածքը ստացել է պետարգելավայրի կարգավիճակ:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ