Կիբերանվտանգությունը դարձել է առանցքային խնդիրներից մեկը ժամանակակից աշխարհում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայումս կիբերանվտանգության ոլորտը դարձել է համաշխարհային առանցքային հարցերից մեկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության 20-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ընկերության փոխնախագահ Անտոն Շինգարյովը: Փոխնախագահի խոսքով` 20 տարի առաջ կիբերանվտանգությունը եղել է մարդկանց մի փոքրիկ խմբի զվարճանք:
«Շատ դժվար է պատմել, թե ինչպես է աշխարհը փոխվել վերջին 20 տարում: Այն ժամանակ կիբերանվտանգությունը եղել է շատ փոքրիկ երևույթ: Դա մարդկանց մի սեղմ զանգվածի զվարճանքներից մեկն էր, ովքեր հետաքրքրված էին համակարգչային վիրուսներով, փոխանակվում էին տեղեկություններով և համացանցի միջոցով շփվում էին միմյանց հետ»,- նշեց Շինգարյովը:
Ըստ փորձագետի` ներկայումս կիբերանվտանգությունը ամենակարևոր և առանցքային թեմաներից մեկն է աշխարհում:
«Այն հասել է միջազգային պայմանագրերի և պետությունների ղեկավարների բանակցությունների մակարդակին: Այսինքն` այն ժամանակ փոքրիկ երևույթն այսօր կարևոր դեր է կատարում համաշխարհային գործընթացներում»,- շեշտեց Շինգարյովը:
Շինգարյովը տեխնոլոգիաների զարգացումը մի կողմից բացասական է համարում, մյուս կողմից՝ դրական:
«Բացասական է, որովհետև աշխարհում ավելանում է անկայունությունը և անորոշությունը, որը ազդում է համաշխարհային անվտանգության վրա: Այսօր կիբերանվտանգությունը դարձել է համար մեկ խնդիրը աշխարհում, դա նշանակում է, որ ամենուրեք մարդիկ շրջապատված են տեխնոլոգիաներով և մենք դեռևս չենք պատկերացնում, թե ինչքան են տեխնոլոգիաներից կախված:
Իսկ դրական է, քանզի անվտանգ է, եթե խոսում ենք ինքնաթիռների մասին, հարմար է, եթե խոսում ենք հեռախոսային հավելվածով տաքսի պատվիրելու մասին և ի վերջո արդյունավետ է, եթե խոսում ենք մեր հանգիստը համացանցի միջոցով կազմակերպելու մասին»,- եզրափակեց Շինգարյովը և հավելեց, որ իրենց ընկերությունը փորձում է պաշտպանել մարդկանց վիրտուալ հարթակում:
«Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականի հունիսի 26-ին: Տեղեկատվական անվտանգության ոլորտում այն ամենամեծ մասնավոր ընկերությունն է աշխարհում: «Կասպերսկու լաբորատորիա»-ն իր գործունեություն է ծավալում ավելի քան 200 երկրներում, որից 32-ում բացվել են գրասենյակներ, այդ թվում` Հայաստանում: Ներկայումս ընկերությունը ունի 400 միլիոն բաժանորդ և ավելի քան 270 հազար կորպորատիվ օգտատեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում