Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պոլսո պատրիարքի ընտրության հարցը լուծման փուլում է. Գոչունյանը գործընթացը պատվով հաղթահարելու ակնկալիք ունի

Պոլսո պատրիարքի ընտրության հարցը լուծման փուլում է. Գոչունյանը գործընթացը 
պատվով հաղթահարելու ակնկալիք ունի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայ համայնքը հուսով է, որ առաջիկա շրջանում Պոլսո պատրիարքական աթոռը հնարավորինս արագ թափով կվերականգնվի ու կաշխուժացնի իր գործունեությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

«Պոլսո պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հունիսի 20-ին Քյոլնից կվերադառնա Ստամբուլ, ինչից հետո կձևավորվի Նախաձեռնող մարմինը: Նրանք Ստամբուլի նահանգապետարան դիմում կներկայացնեն և դրա արձագանքի հիման վրա գործընթացը կտեղափոխվի ավելի գործնական փուլ»,- հայտնեց Գոչունյանը:

Նա նշեց, որ ներկայում կա երկու վարկած. առաջինը՝ իշխանությունները արագ կարձագանքեն ներկայացվող դիմումին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի արագ կազմակերպել ընտրությունների անցկացումը: Երկրորդ՝ իշխանությունների արձագանքը կարող է ուշանալ: «Այս պահին կա լավատեսական մթնոլորտ, և հավանական է թվում առաջին տարբերակը: Այս գործընթացը շատ պատասխանատու աշխատանք է պահանջում: Համայնքի բոլոր աչալուրջ մարդիկ հուսով են, որ վերջին ինը տարիների փորձառությունից ճիշտ դասեր կքաղվեն, որպեսզի գործընթացի շարունակությունը զերծ լինի բևեռացումներից, լի նպատակասլացության ու միասնականության ոգով»,- ընդգծեց «Ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը:

Նա կարևոր ազդակ համարեց այն, որ պատկան մարմինները սկսել են ճանաչել Բեքչյանի՝ պատրիարքական տեղապահ լինելու հանգամանքը: Միաժամանակ, նա ողջունելի համարեց ամբողջ ճգնաժամային իրադրությունում հայկական համայնքի հավասարակշռված դիրքորոշումը: «Շատերն իրենց ազդեցությունն ունեցան խնդրի դրական լուծման գործում: Օրինակ, Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը սառնարյունությունից երբեք չհեռացող, միշտ հեռատես պահվածքով կերպար մարմնավորեց, ինչը բոլորին վստահություն ներշնչեց: Իսկ Արամ սրբազանն ապրիլի 16-ի հանրաքվեից հետո թեկուզ և լռելյայն, ոչ հրապարակային, սակայն գործի դրեց իր հնարավորությունները, որպեսզի կարողանա դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- նշեց Գոչունյանը: Նա կարևորեց նաև մի շարք աշխարհական վարիչների, ինչպես օրինակ, Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Պետրոս Շիրինօղլուի դերակատարությունը:

«Ճիշտ է, ունեցանք վայրիվերումներ, բայց գոնե այսօր խնդիրը մտել է լուծման փուլի մեջ: Ինձ թվում է, որ մենք պատվով կհաղթահարենք այս փուլը»,- ասաց պոլսահայ գործիչը:

«Արմենպրես»-ի խնդրանքով նա անդրադարձավ նաև Աթեշյանի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հնչեցված հայտարարությանը, որով Սրբազան հայրը բոլոր իրեն դեմ հանդիսացող մարդկանց անվանել էր «անկիրթ»: «Ես Աթեշյանի հետ խոսել եմ իր ընդդիմախոսներին նրա իսկ կողմից տրված որակավորման մասին: Նա ինձ ասաց, որ Ստամբուլի հայկական համայնքում իրեն դեմ հանդիսացող որոշ մարդկանց խմբեր տարբեր միջոցառումների ժամանակ իր մուտքերի ու ելքերի ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել իր հասցեին: Աթեշյանը հայտնեց, որ զուտ այդ հայհոյանքների հանգամանքին ակնարկելով էր օգտագործել «անկիրթ» արտահայտությունը: Գոնե ինձ այդպես է ասել»,- նշեց Գոչունյանը:

Նա դեռևս վաղ համարեց խոսել այն մասին, թե արդյոք Աթեշյանը կառաջադրվի որպես Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածու: «Մենք բավական ծանր շրջան ենք անցել: Հետևաբար` մեր եկեղեցականների ամբողջական եռանդի, մասնավորապես եպիսկոպոսների մակարդակի վրա եղբայրական համագործակցության ոգու կարիք ունենք: Մենք չունենք մեր սրբազաններից և ոչ մեկից հրաժարվելու ճոխությունը: Հետևաբար` համայնքում աչալուրջ ու սառնարյուն մարդիկ ակնկալում են, որ այս շրջանի թյուրիմացություններն ու անվստահությունները կհաղթահարվեն և մեր եկեղեցականները նորմալ հարաբերություններով, համագործակցության ոգով կշարունակեն իրենց առաքելությունը»,- հայտնեց «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը:

Արաքս Կասյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am