Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

«Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսեցիների գերդաստանը» գիրքը հանձնվեց ընթերցասերների դատին


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի «Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսեցիների գերդաստանը» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 16-ին Թեքեյան կենտրոնում: Գիրքը նվիրված է Թիֆլիսում ծնված ու ապրած, իրենց գործունեությամբ և բարերարությամբ առանձնացած, գործարարության և կյանքի  բարձունքներին հասած Թամամշյանցների գերդաստանին:

«Ի տարբերություն այլ դեպքերի այս անգամ խոսում ենք ոչ թե անհատի, այլ մի ամբողջ գերդաստանի մասին՝ վաճառականներ, գործարարներ, մտավորականներ, անգամ պարուհիներ: Նրանք ինձ չափազանց հետաքրքիր էին, ուստի ցանկացա ճանաչելի դարձնել նրանց պատմությունը: Տեղեկությունները հավաքել եմ՝ այցելելով Թիֆլիս, Ստավրապոլ, Կրասնոդար, Մոսկվա, ժողովվել եմ  նաև արխիվային նյութեր»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց հեղինակը:

Նա շեշտեց, որ Թամամշյանցների կյանքը կարող է ճիշտ ապրելու, երկրի մշակույթի, կրթության զարգացմանը նպաստելու հիանալի դաս լինել:

Գրքին զուգահեռ նկարահանվել է գերդաստանի մասին պատմող երեք մասից բաղկացած տեսաֆիլմ, որը հանրությանը կներկայացվի աշնանը:

«Սերգո Երիցյանը չափազանց աշխատասեր մարդ է, փայլուն դասախոս, ունի պատասխանատվության բարձր զգացում: Կարծում եմ՝ նա սկզբունքային գիտնական է, լրագրող»,-ասաց Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, Ռուբեն Միրզախանյանը և Մանկավարժական համալսարանի ոսկե մեդալ շնորհեց Երիցյանին:

Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանի խոսքով՝ ինքը Սերգո Երիցյանին  ճանաչում է շատ վաղ հասակից և ուրախ է, որ մինչ օրս լավ ընկերներ են: «Շատ եմ կարևվորում հատկապես նրա «Կարծիք» հաղորդաշարը, որն այն ժամանակներում մեծ հետաքրքրություն առաջացրեց: Նա ժողովրդին մոտ կանգնեց և բարձրաձայնեց մարդկանց հուզող խնդիրները»,-եզրափակեց նա:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ