Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Սպասվող լրահոս. 13.06.2017


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր` հունիսի 13-ին, Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը: Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն  հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։ Այսօր կկայանան Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: Այցի շրջանակում Էստոնիայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ:

Երևանում կկայանա Հայաստանի և Տաջիկստանի միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը: Նիստի համանախագահներն են. հայկական կողմից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, տաջիկական կողմից՝ Տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդան: Նիստի ընթացքում կքննարկվեն երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր: Նիստի ավարտին կստորագրվի արձանագրություն:

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաoկան կայցելեն Լոռու մարզի Սպիտակ քաղաք: Նրանք ծաղիկներ կդնեն 1988թ. Սպիտակի երկրաշարժի և 2011թ. Արևելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարերի մոտ` հարգելով զոհերի հիշատակը: Միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա կանդրադառնա  տարածաշրջանային գործընթացների վրա աշխարհաքաղաքական զարգացումների հնարավոր ազդեցությանը:

Մայիսի վերջին կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր շենքերի, շինությունների  տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանելուն: Այսօր` լրագրողների հետ հանդիպմանը,  ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդատու Ալեքսանդր Մովսիսյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը կանդրադառնան վարչապետի հանձնարարականին և մինչ այժմ կատարած քայլերին:

Ավ.Իսահակյանի տուն-թանգարանում   տեղի կունենա «Դե անիմացրու» համակարգչային անիմացիոն մրցույթի  մրցանակաբաշխությունը: Հաղթողներին կհանձնվեն մրցանակները, իսկ մնացած մասնակիցները կստանան վկայագրեր: «Դե անիմացրու» համակարգչային անիմացիոն մրցույթը ամենամյա է, որի ժամանակ տարբեր դպրոցների և խմբակների երեխաները պատրաստում են անիմացիոն տեսահոլովակներ Ավ.Իսահակյանի ստեղծագործությունների հիման վրա:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ