Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Նոր մանրամասներ ադրբեջանական խնձորների ապօրինի ներկրման քրեական գործից. մեղադրանք է առաջադրվել 9 անձի

Նոր մանրամասներ ադրբեջանական խնձորների ապօրինի ներկրման քրեական գործից. 
մեղադրանք է առաջադրվել 9 անձի

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապօրինի ճանապարհով Հայաստան ադրբեջանական խնձոր ներկրելու դեպքով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 9 անձի: Խմբի կազմում` նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար ՊԵԿ երեք մաքսային տեսուչների մեղադրանքներ են առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մուշեղ Բաբայանը:

«Եվս մեկ մաքսային ծառայողի մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 2-րդ մասով: Պաշտոնյաներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար երեք քաղաքացու մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  188-րդ և 205-րդ հոդվածների 1–ին մասերով, իսկ վերջիններիս օժանդակող երկու քաղաքացիներին` 38-188-րդ և 38-205-րդ հոդվածների 1-ին մասերով»,- ընդգծեց ՀՔԾ պետի տեղակալը:

Նա հավելեց, որ նշված դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվում էր երկու քրեական գործ, որոնք միացվել և այժմ քննվում են մեկ վարույթում: Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ մի շարք ձեռնարկատերեր առանց անհրաժեշտ մաքսային ձևակերպումների ապօրինի ճանապարհով ներկրել են առևտրային քանակի միրգ-բանջարեղեն, ինչին նպաստել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, ովքեր դրա դիմաց հիշյալ անձանցից պարբերաբար տարբեր չափերի կաշառքներ  են ստացել: Նշված հանցավոր արարքները կատարելու համար 5 քաղաքացիների և ՀՀ ԿԱ ՊԵԿ 4 պաշտոնյաների մեղադրանքներ են առաջադրվել:

Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող Երևանի երեք բնակիչներ գյուղմթերքը, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձորներն առանց հայտարարագրման ներկրելու և օրենքով սահմանված խոշոր չափերով հարկերից խուսափելու նպատակով, նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Բագրատաշենի երկու բնակիչների հետ, ովքեր համապատասխան վարձատրության դիմաց համաձայնվել են օժանդակել նրանց. այսպես, տեղափոխվող ապրանքի ամբողջական ծավալը քողարկելու և առանց հայտարարագրման ներկրվող ապրանքների` օրենքով թույլատրելի չափաքանակ ապահովելու համար, Բագրատաշենի հիշյալ բնակիչները Վրաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքում գյուղմթերքը բաշխել են իրենց,  իսկ որոշ դեպքերում` նաև այլ անձանց կողմից շահագործվող տարբեր մարդատար ավտոմեքենաների մեջ և դրանից հետո տեղափոխել ՀՀ տարածք: Հիշյալ անձանց անօրինական գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 8 մլն ՀՀ դրամի վնաս:

Մի շարք դեպքերում էլ, գյուղմթերքն առանց խոչընդոտների հանրապետություն ներկրելու համար, նշված անձանցից մեկը նախնական պայմանավորվածությամբ տարբեր չափերի կաշառքներ է տվել ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային ծառայողներին:

Բացի այդ, ՊԵԿ Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները կաշառքներ են ստացել նաև մի շարք այլ տնտեսվարողներից` նրանց օգտին անօրինական գործողություններ կատարելու և Բագրատաշենի մաքսակետով ներկրվող գյուղմթերքը մաքսային ձևակերպումների չենթարկելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am