Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ապարանում հերոսամարտի 99-ամյակը նշվել է տոնակատարություններով

Ապարանում հերոսամարտի 99-ամյակը նշվել է տոնակատարություններով

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին հանրապետության տոնին նվիրված՝ Արագածոտնի մարզի գլխավոր հանդիսության վայրը  Ապարան քաղաքի «Վերածնունդ»  հուշահամալիրն էր, որը խորհրդանշում  է Մեծ եղեռնի նահատակների, Հայրենական և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակի հավերժացումը: Այն իր շուրջ էր համախմբել մարզի և քաղաքի ղեկավարությանը, հարևան համայնքներից և մայրաքաղաքից ժամանած հյուրերին, տեղի բնակչությանը: Ապարանի այդ հատվածի վրա տեղի է ունեցել հայոց պատմության կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Բաշ-Ապարանի ճակատամարտը: Այն ճակատագրական նշանակություն է ունեցել հայոց առաջին անկախ պետականության կերտման գործում:

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարությանը քաղաքի հրապարակում ծաղկեպսակներ են դրվել հրամանատարներ Դրաստամատ Կանայանի և Սեդրակ Ջալալյանի կիսանդրիների առջև: Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ բազմությունը քայլերթով շարժվել է դեպի հուշահամալիր, ուր կայացել է  տոնախմբությունը: Ներկաները խորին հարգանքով ծաղկեպսակներ են դրել Դրաստամատ Կանայանի (Դրոյի) և Արցախյան պատերազմում զոհված ապարանցիների շիրիմներին:

1918 թվականի մայիսյան իրադարձությունների, Բաշ-Ապարանի ճակատամարտի անփոխարինելի դերի ու նշանակության մասին խոսեցին բոլոր ելույթ ունեցողները:

Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը շնորհավորելով տոնի կապակցությամբ, նշել է, որ հայ ժողովուրդը մեծագույն հպարտությամբ ու ոգևորությամբ է նշում Հանրապետության օրը, որը սկիզբ առել Ավարայրի ճակատամարտից և շարունակվել ու հասել մինչեւ Սարդարապատ, Ղարաքիլիսա և, ի վերջո Բաշ-Ապարան: «Նշանակալից այս տոնը խորհրդանշում է պայքարի բազում ուղիներ անցած և այդ ճանապարհին կարևորագույն հաղթանակներ ունեցած հայ ժողովրդի պետականության կերտման և պահպանման մեծագույն կամեցողությունն ու արժանապատիվ ապրելու ձգտումը»,- նշել է Գյոզալյանը:

Հանդիսավոր արարողությանը հաջորդել են զինվորականների կողմից ներկայացված ռազմամարզական ցուցադրությունը և համերգը՝ հանրապետության ճանաչված արվեստի գործիչների, երաժշտական կատարողների մասնակցությամբ, որն էլ շարունակվել է ապարանյան բացօթյա հյուրասիրությամբ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am