Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Մերկելն Էրդողանից պահանջել է ազատ արձակել գերմանացի լրագրողին

Մերկելն Էրդողանից պահանջել է ազատ արձակել գերմանացի լրագրողին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում առանձնազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպումից հետո, սակայն, երկու երկրի ղեկավարները հրաժարվել են որևէ հայտարարությամբ հանդես գալ:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deustche Welle-ն:

Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆան Զայբերտը հայտնել է, որ գագաթնաժողովի շրջանակում Մերկելն ու Էրդողանը քննարկել են «երկու երկրի միջև անհանգստություն առաջացնող հարցեր»: Նա տեղեկացրել է նաև, որ Մերկելը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կարևոր նախապայման է գերմանացի պատգամավորների կողմից գերմանացի զինվորներին արվող այցելությունը:

Բացի այդ, Մերկելը պահանջել է Թուրքիայից Գերմանիայի քաղաքացիներին վերաբերվել՝ համաձայն իրավական պետության սկզբունքների: Մասնավորապես, նա հորդորել է ազատ արձակել գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելին:

Զայբերտը չի հստակեցրել՝ արդյոք կողմերը Ինջիրլիքի ռազմաբազայի հարցում գրանցել են որևէ առաջընթաց:

Հանդիպումից առաջ արած հայտարարության մեջ Մերկելը հայտարարել էր, որ եթե թուրքական կողմը թույլ չտա պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա, ապա իրենք զինվորներին դուրս կբերեն այդտեղից: «Քանի որ բանակը խորհրդարանինն է, կարևոր պայման է Գերմանիայի դաշնային խորհրդարանի անդամների կողմից զինվորներին այցելելը: Այս մասին պատրաստվում եմ բացեիբաց ասել Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը, հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի մեր զինվորներին դուրս բերել Ինջիրլիքից»,- ասել էր նա:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները: Նա տեսակետ է հայտնել այն մասին, թե պաշտոնական Անկարայի մերժումից հետո Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,- ասել է նա:

Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ ասել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am