Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Էքստրիմ, ադրենալին, սուր զգացողություններ. Հայաստանը հավակնում է դառնալ էքստրեմալ տուրիզմի տարածաշրջանային կենտրոն

Էքստրիմ, ադրենալին, սուր զգացողություններ. Հայաստանը հավակնում է դառնալ 
էքստրեմալ տուրիզմի տարածաշրջանային կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մի քանի քայլ և արդեն օդում ես, ժայռի վրայից հայտնվում ես անդունդի վերևում, որը քեզ բաժանում է դիմացի ժայռից։ Քայլում ես ու հանկարծ ոտքերիդ տակ այլևս չես զգում հողը, և հենց այդ պահին մոռանում ես վախերի մասին, հաղթահարում ամեն ինչ։ Սկսում ես հպարտանալ, որ կարողացել ես անցնել «հող-անդունդ» այդ մեկ քայլն ու օդում արդեն հիանում բնության գեղեցկությամբ՝ Հայաստան աշխարհի սարերով ու ձորերով։ 

Մայիսի 20-ին կայացավ արդեն ավանդույթ դարձած էքստրեմալ և սուր զգացողություններով լի լրագրողական շրջայցը «Yell Extreme Park»-ում, որը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում։ 

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի, Տաթև Դուրյանի

Այդ համայնքն արդեն բավականին հայտնի է թե՛ հայաստանցի, թե՛ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում և հիանալի վայր, որպեսզի հաղթահարես վախդ ու լրացնես ադրենալինի պակասը։ «Յելլ Էքստրիմ միայն մեդիաների համար» էքստրեմալ շրջայցի շրջանակներում ԶԼՄ ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու Հայաստանի արկածային և էքստրեմալ զբոսաշրջության առանձնահատկություններին։ 

Շրջայցի ընթացքում  մեդիա ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան անձամբ «համտեսելու» արկածային զբոսաշրջության ողջ համն ու հոտը և սեփական փորձով գնահատելու դրա հետաքրքրությունը։ 
Լրագրողները ծանոթացան Ենոքավան համայնքում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման արշավի շրջանակներում տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի էքստրեմալ նախագծի նախնական էսքիզներին և տեղանքին։ 
Էքստրեմալ զբոսանքից առաջ տեղի ունեցած հանդիպում-քննարկման ընթացքում նախագծի հեղինակներն ու թիմը ներկայացրին Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցմանն ուղղված Indiegogo միջազգային հարթակում մեկնարկած դրամահավաքի ընթացիկ արդյունքները: 

Ամենաերկար զիփլայնի կառուցման համար անհրաժեշտ է 200 հազար ԱՄՆ դոլար, որի մեծ մասն արդեն առկա է. մնացած հատվածը  նախագծի հեղինակները որոշեցին լրացնել աշխարհում հայտնի, վստահելի և մեծ հեղինակություն վայելող միջազգային հարթակի՝ Indiegogo-ի միջոցով՝ համախմբելով ինչպես ամբողջ աշխարհի մեր հայրենակիցներին, այնպես էլ օտարերկրացիներին: Այսպիսով` մայիսի 4-ից մեկնարկեց կոլեկտիվ դրամահավաք, որը համաշխարհային պրակտիկայում  հետաքրքիր և նշանակալի նախագծերի իրականացման ընդունված մեթոդ է: 

«Yell Extreme Park» նախագծի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը, խոսելով իր ծրագրերի մասին, շատ կարևորեց իր հետ աշխատող թիմի առկայությունը, քանի որ, ըստ նրա, հենց այդ թիմի շնորհիվ է, որ ամեն ինչ կարողանում են անել։ 
«Այն ամենը, ինչ տեսնում եք, ես միայնակ չեմ արել, մենք մեծ թիմ ունենք և հենց իրենց շնորհիվ էլ մեկ տարվա ընթացքում այսքան բաների ենք հասել։ Մեր առաջին զվարճանքը եղել է զիփլայնը, իսկ հիմա ունենք ամենատարբեր էքստրեմալ հետաքրքրություններ»,- ասաց Չիբուխչյանը, հավելելով, որ դրամահավաքի շնորհիվ արդեն հանգանակվել է 8160 ԱՄՆ դոլար։  

Արշավը շարունակվում է, և Տիգրանը կոչ արեց բոլոր նրանց, ովքեր դեռ չեն միացել, շտապել, քանի որ նախագծին նվիրատվություն կատարողները ստանում են հնարավորություն ձեռք բերելու նվերներ իրենց ներդրման դիմաց: 60 դոլար և ավելի չափով ներդրումների դեպքում դրամահավաքի մասնակիցները կլինեն առաջիններից, ովքեր կունենան աշխարհի ամենաերկար զիփլայնի տոմս և պաշտոնական բացումից հետո կգան Հայաստան ու մեկ տարվա ընթացքում ցանկացած ժամանակ կօգտվեն դրանից: 

«Շատ կցանկանայի նշել, որ ռելիեֆի առումով շատ հաջողակ ենք, և Հայաստանը շատ մեծ ներուժ ունի էքստրեմալ զբոսաշրջության տեսանկյունից, և մենք օգտվել և օգտվում ենք այդ հնարավորությունից: Մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկը կարող ենք համարել այն, որ այսօր Ենոքավան համայնքի բնակիչը իր սեփական բնակավայրում կարող է զբաղվել սիրած աշխատանքով և վարել ակտիվ կյանք։ Անցյալ տարի մեր այցելուների 20 տոկոսը օտարերկրյա զբոսաշրջիկներ էին, մնացած 80 տոկոսը՝ Հայաստանից։ Այս տարի փորձում ենք այնպես անել, որպեսզի ավելի շատանա օտարերկրացիների հոսքը։ Հիմնականում շատ են այցելում Ռուսաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից և այնտեղ ապրող ֆիլիպինցիներ»,- ընդգծեց Չիբուխչյանը։ 

«Յելլ էքստրիմ Պարկ» նախագծի մարքեթինգի պատասխանատու Գեղամ Վարդանյանն էլ անդրադարձավ այն հարցին, թե հիմնականում որտեղից է նվիրատվությունների մեծ մասը։ «Նվիրատվությունների մեծ մասը  Հայաստանից է՝ մոտ 60 տոկոսը, երկրորդ տեղում ԱՄՆ-ը և Ռուսաստանն են,  այնուհետև  Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Վրաստան, անգամ Կիպրոսից և Կանադայից, Արգենտինայից և տարբեր այլ երկրներից։ Պետք է ասեմ, որ նախագծին իր աջակցությունն են ցուցաբերել նաև Զբոսաշրջության պետական կոմիտեն,  ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Մեր թիմը շատ է կարևորում այն, որ այս  նախագծի իրականացմամբ Հայաստանը ձեռք կբերի տարածաշրջանի էքստրեմալ տուրիզմի կենտրոնի կարգավիճակ և առավել ճանաչելի կդառնա: Դրա  վառ ապացույցն է տարբեր երկրների ակտիվ մասնակցությունը  մեր դրամահավաքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Վարդանյանը: 
Մարքեթինգի պատասխանատուն նշեց, որ դրամահավաքի ավարտից հետո արշավի ընթացքում  նախագծի իրականացման համար իրենց օժանդակություն ցուցաբերած բոլոր մարդկանց անունները գրվելու են նախագծի պաշտոնական՝ www.longest-zipline.com կայքում, ինչպես նաև «Յելլ էքստրիմ Պարկ»-ում հատուկ առանձնացված հատվածում՝ որպես ռեկորդային նախագծի իրականացման մասնակիցներ, որոնց շնորհիվ և աջակցությամբ նախագիծը իրականություն դարձավ: 

Ակտիվ հանգստի սիրահարները հնարավորություն ունեն «Յելլ էքստրիմ Պարկ»-ում կազմակերպել իրենց ժամանցը՝ օգտվելով էքստրեմալ սպորտի տարբեր տեսակներից՝ զիփլայն (ZipLine), պարագլայդինգ (Paragliding), Ռոփ պարկ (Rope Park), քառանիվ մեքենայով արտաճանապարհային երթևեկություն (Off-road), լեռնահեծանվավազք (Mountain Biking), փեյնթբոլ (Paintball), ձիով արշավներ (Horseback Riding), ինտելեկտուալ, տրամաբանական խաղեր (Rest Area/ Board Games): 
Indiegogo միջազգային հարթակում մայիսի 4-ից մեկնարկել է Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցմանն ուղղված կոլեկտիվ դրամահավաքի արշավը, որը տևելու է 30 օր և ավարտվելու է 2017 թվականի հունիսի 2-ին: 
Նոր ու ամենաերկար զիփլայնը կկառուցվի ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում, որը  կունենա 2680մ երկարություն և 200-300մ բարձրություն: Զիփլայնով թռիչքը տևելու է 3 րոպե, որի ժամանակ հնարավոր է զարգացնել առավելագույնը 120 կմ/ժ արագություն: Այսօր Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկար զիփլայնը գտնվում է Պուերտո Ռիկոյում, իսկ փաստացի ամենաերկար Զիփլայնը Մեքսիկայում է՝ 2545մ: 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am