ՀՀԿ-ն կոչ է անում զերծ մնալ քարոզչական ապատեղեկատվական գործողություններից. արձագանք Փաշինյանին
17:31, 12 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել՝ կապված պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված տեսանյութի հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀԿ շտաբի հայտարարությունը.
«Ծանոթանալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութին, որտեղ մեր մրցակիցները ներկայացնում են Երևանի Արաբկիր շրջանի աղբամաններից մեկում հայտնաբերված և իբր ՀՀԿ նախընտրական ենթաշտաբերի գործունեությանը առնչվող նյութեր, հայտնում ենք հետևյալը՝
- Ներկայացված նյութերը որևէ առնչություն չունեն ՀՀԿ նախընտրական գործունեության հետ:
- Մեր ենթաշտաբերը տեղերում նախընտրական գումար չեն առաջարկում, չեն բաժանում, միաժամանակ գնահատում ենք ուղեցույցի՝ հումորով գրված տեքստը և այն ներկայացնողի կատարողական վարպետությունը:
- Ներկայացված նյութերի իրական ծագումը և միջադեպի հետ կապված այլ հանգամանքներ պարզելու դեպքում շնորհակալ կլինենք իրավապահ մարմիններին:
- Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքական մրցակիցներին զերծ մնալ քարոզչական ապատեղեկատվական գործողություններից, չպիտակավորել մյուս մասնակիցներին, գնալ քաղաքապետի ընտրություններին մաքուր ձեռքերով և մաքուր խղճով»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում