Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Համաշխարհային Բանկն այս տարի Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 2.7 տոկոս աճ

 Համաշխարհային Բանկն այս տարի Հայաստանի տնտեսության համար կանխատեսում 
է 2.7 տոկոս աճ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը 2017 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 2.7 տոկոս տնտեսական աճի տեմպ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Առևտուրն անցումային փուլում» (Trade in Transition) մայիսին հրապարակված զեկույցում ։

Ըստ ՀԲ զեկույցի` 2015 թվականի 3 տոկոս տնտեսական աճից հետո 2016 թվականին այն դանդաղել էր` հասնելով 0,2 տոկոսի, որը հիմնականում պայմանավորված էր մետաղների համաշխարհային գների անկման հետ, քանի որ Հայաստանի արտահանման ծավալում դրանք մեծ տեսակարար կշիռ ունեն:

«2017 թվականի հունվարից Հայաստանի տնտեսությունը ցուցաբերեց առաջընթացի որոշակի միտումներ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը հասավ մինչև 6,5 տոկոսի»,- ասվում է զեկույցում: ՀԲ-ն նշում է, որ ՀՀ բյուջեն ունեցավ որոշակի դրական աճ` հարկային հավաքագրումների և ծախսերի նկատմամբ կառավարության հետևողականության շնորհիվ: Ըստ զեկույցի` ՀՀ կենտրոնական բանկը մեղմեց դրամավարկային քաղաքականությունը` վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցնելով 6 տոկոսի:

 Ըստ ՀԲ-ի՝ 2.7% աճն արտացոլում է Հայաստանի արտահանելի ճյուղերի պահպանվող ընդլայնումը և ներքին սպառման «համեստ» վերականգնումը:

Զեկույցում միջնաժամկետ աճը կանխատեսվում է տարեկան 3-3.5%-ի սահմաններում՝  հաշվի առնելով տնտեսական քաղաքականության ներքին դաշտի թերությունները և արտաքին միջավայրում պահպանվող անորոշությունները:

Նշվում է նաև, որ ՀՀ 2017թ-ի պետական բյուջեի մասին օրենքով, այս տարի կանխատեսվում է 3.2% տնտեսական աճ:

 Ակնկալվում է, որ կառավարության կողմից նախատեսվող ծախսերի զսպմամբ և Հարկային օրենսգրքի լիարժեք իրականացմամբ միջնաժամկետ հատվածում բյուջեի պակասուրդը կպահպանվի ՀՆԱ-ի 3 տոկոսից ցածր մակարդակում:

ՀԲ գնահատականներով՝ Հարկային օրենսգրքով նախատեսվող քաղաքականության փոփոխությունները մինչև 2021 թ. եկամուտները կավելացնեն ՀՆԱ-ի 2 տոկոսային կետի չափով: «Ապագայում աղքատության նվազեցումը կհենվի ներքին տնտեսության վերականգնման, աշխատաշուկայի դինամիկայի և դրամական փոխանցումների ներհոսքերի վրա: Աճի ցածր տեմպերը, արտաքին անբարենպաստ պայմանները և հարկաբյուջետային սահմանափակ տարածքը կարող են դանդաղեցնել աղքատության կրճատման տեմպը, ինչի հետևանքով էլ աղքատության մակարդակը կանխատեսվում է, որ 2017 թ. 23.8 տոկոսից 2019 թ. կնվազի մինչև 22.2 տոկոս»,- նշվում է զեկույցում:

Ըստ ՀԲ զեկույցի` ՀՀ տնտեսական աճի հեռանկարները կախված են ներդրումներ ներգրավելու և կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու կառավարության ջանքերից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am