Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանում կկառուցվի աշխարհի ամենաերկար զիփլայնը

Հայաստանում կկառուցվի աշխարհի ամենաերկար զիփլայնը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կկառուցվի աշխարհում ամենաերկար զիփլայնը: «Յելլ էքստրիմ Պարկ»-ի հիմնադիրը նախատեսում է 2018 թվականին բաժնետեր դարձնել բոլոր նրանց, ովքեր ներդրումներ կանեն նախագծի զարգացման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 3-ին տրվեց Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցմանն ուղղված կոլեկտիվ դրամահավաքի (crowdfunding) մեկնարկը։ 

«Յելլ էքստրիմ Պարկ» նախագծի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մայիսի 4-ից սկսվում է դրամահավաք աշխարհի ամենաերկար զիփլայն կառուցելու համար և տևելու է 30 օր։ Տիգրան Չիբուխչյանը, ներկայացնելով նախագծի նպատակներն ու առանձնահատկությունները, նախագծի դերը ՀՀ զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարների տեսանկյունից նշեց. «Մենք այս տարի հույս ունենք, որ կարողանանք կառուցել զիփլայնը և օգոստոս-սեպտեմբերին ներկայացնել մեր նոր նախագծերը, որ պատրաստվում ենք իրականացնել 2018 թվականին։ Մենք արդեն ունեն հինգ գիծ, գործում է ժայռամագլցման երեք ուղի, մեծ աշխատանքներ ենք կատարել ընդհանուր արշավային ուղիների ուղղությամբ։ Մենք հրավիրում ենք էքստրիմի սիրահար բոլոր այն գործարարներին, ինչպես նաև նրանց, ովքեր նոր են պատրաստվում իրենց բիզնեսը սկսել, էքստրեմալ սպորտաձևերի և զբոսաշրջության մեջ՝ միանալ մեր նախագծին»։ 
Դրամահավաքի շրջանակում նախատեսվում է հավաքել 20.000 ԱՄՆ դոլար, սակայն զիփլայն կառուցելու համար անհրաժեշտ է 200 հազար ԱՄՆ դոլար. նախորդ դրամահավաքներից արդեն 100 հազար ԱՄՆ դոլար հավաքվել է։ 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ողջունում է նմանատիպ նախաձեռնությունները և կարևորում առաջարկ-պահանջարկի ճիշտ հարաբերակցությունը։ 
«Մենք որպես Զբոսաշրջության կոմիտե մեր կողմից անում ենք ամեն ինչ՝ երկրի նկատմամբ պահանջարկ ստեղծելու համար։ Երկրի ներսում հետաքրքիր առաջարկ, հետաքրքիր զբոսաշրջային վայրեր կարողանում են ստեղծել անհատ ձեռներեցները, ովքեր ունեն ստեղծագործ մոտեցում։ Որքանով ես տեղյակ եմ, Տիգրանն ու նրա ընտանիքը հենց Ենոքավանից են և երկար ժամանակ արտասահմանում ապրելուց հետո վերադարձել են  ու իրենց հայրենի գյուղն են զարգացրել ու զարգացնում։ Շատ հաճախ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կոչ է անում մեր հայրենակիցներին հետ վերադառնալ և այն գյուղերն ու համայնքները, որտեղ իրենք ծնվել և մեծացել են, ստեղծել զբոսաշրջության համար հարմար վայրեր»,- նշեց Զեյթունցյանը։ 
Նոր ու ամենաերկար զիփլայնը կունենա 2680 մ երկարություն և 200-300 մ բարձրություն։ Զիփլայնով թռիչքը տևելու է 3 րոպե, որի ժամանակ հնարավոր է զարգացնել առավելագույնը 120 կմ/ժ արագություն։ Այսօր Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկար զիփլայնը գտնվում է Պուերտո Ռիկոյում, իսկ փաստացի ամենաերկարը՝ Մեքսիկայում՝ 2545 մ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am