Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանն ընդունել է Լիբանանի պետնախարար Միշել Պիեռ Ֆարաոնին

Սերժ Սարգսյանն ընդունել է Լիբանանի պետնախարար Միշել Պիեռ Ֆարաոնին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 28-ին ընդունել է Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերով պետնախարար Միշել Պիեռ Ֆարաոնին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանում: Հայաստանի ու Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նշանակալի իրադարձությունը Նախագահ Սարգսյանը ևս մեկ լավ առիթ է համարել արժևորելու և բարձր գնահատելու երկու երկրների ժողովուրդների ավանդական ջերմ կապերն ու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները: Հանդիպմանը Նախագահը ջերմությամբ է հիշել 2012թ. նոյեմբերին իր պետական այցը բարեկամ Լիբանան և պետնախարարին խնդրել է Լիբանանի նախագահ Միշել Աունին փոխանցել իր ջերմ ողջույններն ու Հայաստան այցելելու հրավերը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պետնախարար Միշել Պիեռ Ֆարաոնի այցը և դրա շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներն ու քննարկումներն իրենց հերթին աշխուժություն կհաղորդեն հայ-լիբանանյան հարաբերություններին, որոնց շարունակական ամրապնդումը բխում է երկու ժողովուրդների շահերից:

Հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերի պետական նախարար Միշել Պիեռ Ֆարաոնին պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ հայ-լիբանանյան տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Լիբանանի պետնախարարը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին իրեն պետական բարձր պարգևի արժանացնելու համար և գոհունակությամբ խոսել Հայաստանում ունեցած հանդիպումների ու քննարկումների մասին: Նա նշել է, որ այցի օրերին հնարավորություն է ունեցել ծանոթանալու Հայաստանի տնտեսական հնարավորություններին, ուսումնասիրելու ներդրումային միջավայրը, որից տպավորված է և կարծում է, որ բավականին լավ պայմաններ են ստեղծված ներդրումների ներգրավման համար:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են Լիբանանի հայ համայնքի դերը միջպետական կապերի և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման տեսանկյունից:

Հանդիպմանը երկկողմ օրակարգի հարցերի քննարկումից բացի, անդրադարձ է եղել նաև բազմակողմ ձևաչափով հայ-լիբանանյան համագործակցությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am