Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 4/58. «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիրքը վարկանիշային աղյուսակում է

Երևանյան բեսթսելեր 4/58. «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիրքը վարկանիշային աղյուսակում է

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն, որը հեղինակի երկրորդ գիրքն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և երկրորդն է: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» երրորդ տեղում է: Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Չորրորդ հորիզոնականում Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի, որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը, որպես 1966 թվականի լավագույն վեպ։

Ինչպես անցյալ, այնպես էլ այս շաբաթ Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է:

Ցանկ է վերադարձել և վեցերորդ տեղը զբաղեցրել Արմեն Սարգսյանի «Չկարդացած գրքերի փոխարեն» բանաստեղծությունների ժողովածուն, որը  հեղինակի առաջին գիրքն է։

Յոթերորդ տեղում կրկին Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքն է, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» այս շաբաթ  ութերորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտորել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը զիջել է իր դիրքերը և հայտնվել իններորդ տեղում: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» ստեղծագործությունը: Գերմանացի մեծանուն գրողի այս վեպը նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 49
2 +1

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 27
3 +1

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 21
4 Նոր

Դենիել Քիզ

«Ծաղիկներ Էլջերնոնի համար»

Անտարես 18
5 0

Էդգար Հարությունյան

«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 17
6 *

Արմեն Սարգսյան

«Չկարդացած գրքերի փոխարեն»

Անտարես 17
7 0

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ

Բուկինիստ 14
8 -2

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերազգեստով տղան»

DirectMEDIA 13
9 -1

Սպենսեր Ջոնսոն

«Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 8
10 *

Հերման Հեսսե

«Տափաստանի գայլը»

Անտարես 7

 

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]