Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Մասիս քաղաքում բացվեց ՄԱԿ-ի անկյուն


ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Արարատի մարզի Մասիս քաղաքի Երիտասարդական կենտրոնում ապրիլի 21-ին բացվեց ՄԱԿ-ի անկյուն՝ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի և Մասիսի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից: 

ՄԱԿ-ի այս անկյունը, որը Հայաստանում 17-րդն է իր տեսակի մեջ, նպատակ ունի Երիտասարդական կենտրոնի այցելուներին և պարզապես հետաքրքրված անձանց հնարավորություն տալ օգտվելու ՄԱԿ-ի հրատարակություններից և այլ նյութերից։ Այդ միջոցով նրանք կարող են ծանոթանալ ՄԱԿ-ի արժեքներին և նպատակներին, կազմակերպության մանդատին, քաղաքականություններին ու ամենաբազմազան ոլորտներում գործունեությանը։ Որպես արդյունք՝ այս ամենը կնպաստի երիտասարդության զորացմանն ու նրանց ներգրավվածությանը ՄԱԿ-ի գլոբալ օրակարգի իրականացման գործում։ 

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի ղեկավար Արմինե Հալաջյանը շեշտեց Մասիսում ՄԱԿ-ի անկյան բացման կարևորությունը. «Երևանից դուրս նոր գործընկերների հետ մեր համագործակցության շրջանակներում և որպես գլխավոր նպատակ ունենալով մեր հիմնական թիրախային խմբին՝ երիտասարդությանը հասնելը՝ ՄԱԿ-ի երևանյան տեղեկատվական գրասենյակը բացում է ՄԱԿ-ի այս անկյունը Մասիսում։ Այս անկյունը կարող է լավ մեկնարկ լինել այս կենտրոնի այցելուներին ՄԱԿ-ին մոտեցնելու՝ առանց ֆիզիկապես ՄԱԿ-ի գրասենյակում գտնվելու անհրաժեշտության։ Ակնկալում ենք հետագա համագործակցություն և փոխայցելություններ ամենամոտ ապագայում»։ 

Իր ողջույնի խոսքում Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը շնորհավորեց քաղաքի բնակիչներին կարևոր իրադարձության կապակցությամբ և նշեց. «Մենք շատ ենք կարևորում համագործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության հետ։ ՄԱԿ-ի այսօր բացված անկյունը կօգնի Մասիսի երիտասարդությանն ավելին իմանալ ՄԱԿ-ի աշխատանքի մասին թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։ Կրթական և իրազեկման համատեղ միջոցառումները կօգնեն Երիտասարդական կենտրոնի երեխաներին ավելին իմանալ ՄԱԿ-ի աշխատանքի սկզբունքների մասին։ Մասիսի զարգացման հիմնադրամի և Երիտասարդական կենտրոնի գործունեության մեջ մենք առաջնորդվում ենք համանման սկզբունքներով, այն է՝ ձգտել երիտասարդների մեջ զարգացնել ակտիվ, ոչ անտարբեր վերաբերմունք քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների, շրջակա միջավայրի պահպանության հարցերի նկատմամբ։ Հուսով ենք, որ միասին մենք կնպաստենք Մասիսի ու Հայաստանի զարգացմանն ու բարգավաճմանը»։ 

ՄԱԿ-ի անկյան բացման պաշտոնական արարողությանը հետևեցին ՄԱԿ-ի մասին պատմող «Կհանդիպենք» անիմացիոն ֆիլմի դիտումը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ ինտերակտիվ քննարկումը։ Միջոցառումը եզրափակվեց Մասիսի երիտասարդների կազմակերպած մշակութային ծրագրով։



Տպել    |  In English

Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ