Հայաստանի իրավապահները հայտնաբերել են անհետ կորած համարվող ռուս զինծառայողին
1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Րոպեներ առաջ Գյումրու «Մուշ-2» թաղամասում իրավապահ մարմինները հայտնաբերել են անհետ կորած համարվող ռուս զինծառայող Դմիտրի Լոշմանովին: Նա հայտնաբերվել է ողջ ու առողջ, առանց մարմնական վնասվածքների: Լոշմանովն այս պահին տեղափոխվում է ոստիկանության բաժանմունք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Նրան այժմ տեղափոխում են ոստիկանության Մուշի բաժին: Դեպքի մանրամասները պարզ կդառնան առաջիկայում, համապատասխան բացատրություն տալուց հետո»,-նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գոբրիելյանը:
Գյումրիի ռուսական 102 ռազմաբազայից 3 օր առաջ անհետ կորած զինծառայողՌԴ քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովի անհետացման մասին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, թեև Լոշմանովը զորամասից գնումներ կատարելու նպատակով դուրս էր եկել դրանից 2 օր առաջ՝ ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում և չէր վերադարձել: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում էր, որ Լոշմանովը շուրջ 170 սմ հասակով, միջին կազմվածքով տղամարդ է: Հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ:
Արմենուհի Մխոյան