Հայաստան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունը խստորեն դատապարտում է Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպերը

2 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունը խստորեն դատապարտում է Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպերը

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով Նոր Նորք վարչական շրջանում այսօր և երեկ տեղի ունեցած միջադեպերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խստորեն դատապարտում է Նոր Նորք վարչական շրջանում այսօր և երեկ տեղի ունեցած միջադեպերը։ Հայհոյանքը, վիրավորանքը և բռնությունը՝ լինի դա հոգեբանական թե ֆիզիկական դրսևորմամբ, անընդունելի են։ 

Տարակուսանք է առաջացնում, որ իրավապահ մարմինների կողմից որևէ գնահատական չի տրվել և համապատասխան գործողություններ չեն ձեռնարկվել դեռևս երեկ Նոր Նորք վարչական շրջանի շենքում դրսևորված ակնհայտ խուլիգանական վարքագծին, ինչի հետևանքով հնարավոր դարձան հետագա սադրանքները և դրանց հաջորդած բռնությունը։ 

Ցանկացած տեսակի բռնություն, այդ թվում՝ հոգեբանական բռնությունը, որը կարող է արտահայտվել վիրավորանքի կամ անձի արժանապատվությունը նսեմացնելու միջոցով, անթույլատրելի է։ Նման դրսևորումները, կանխարգելման բացակայության պայմաններում, հաճախ հանգեցնում են ֆիզիկական բռնության։ 

Անհրաժեշտ ենք համարում հատուկ ընդգծել, որ միշտ պատրաստ ենք եղել և շարունակում ենք պատրաստ մնալ լսել կառուցողական և անգամ սուր քննադատություն, որը, սակայն, անհրաժեշտ է տարանջատել վիրավորական և անձի արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններից»։

Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձերբակալվել է 6 անձ:

Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ծեծկռտուքին միացել ու Արթուր Չախոյանին հարվածներ է հասցրել նաև Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում