Տնտեսություն

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը կկայանա ապրիլի 14-ին

2 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը կկայանա ապրիլի 14-ին

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը կկայանա ապրիլի 14-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման որոշում է ընդունվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում:

Բացելով նիստը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը նախ ցավակցություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության կապակցությամբ: «Սա հանցագործություն է մարդկության դեմ, որը չունի ոչ մի արդարացում: Հանձնաժողովի կոլեգիայի և բոլոր աշխատակիցների և անձամբ իմ անունից շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին: Ցանկանում եմ աջակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին: Նրանց տոկունություն եմ մաղթում, որպեսզի կարողանան հաղթահարել այս ողբերգության հետևանքները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նիստի ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխվարչապետները քննարկել են մաքսային և առևտրային քաղաքականության ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել երրորդ երկրների հետ միջազգային տնտեսական համագործակցության թեմային: Նիստի ընթացքում հավանության է արժանացել «2015-2016թթ. Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման մասին» զեկույցի նախագիծը, որը կներկայացվի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահների քննարկմանը:

Նիստի ընթացքում քննարկվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության հարցը, որը Բիշկեքում կայանալիք Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում կքննարկեն նաև ԵԱՏՄ անդամ երկրների նախագահները:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ընդգրկվել է ԵԱՏՄ-ում դիտորդ պետություն դառնալու վերաբերյալ Մոլդովայի նախագահի հայտարարությունը քննարկելու հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում