Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց հաշվետվություն Սահմանադրության փոփոխություններից հետո նախագծերի վերաբերյալ

Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց հաշվետվություն Սահմանադրության 
փոփոխություններից հետո նախագծերի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ի կատարումն կառավարության 2017 թվականի փետրվարի 26-ի նիստում հնչեցված ՀՀ վարչապետի հանձնարարականի, ներկայացրեց ՀՀ Սահմանադրության փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը: Նախարարը նշեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկերը սահմանված են ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի հրամանագրով և ՀՀ Կառավարության 2016 թվականի որոշումներով, որոնց համաձայն` մինչև 2018 թվականը պետք է մշակվի և Ազգային ժողով ներկայացվի 84 օրենքի նախագիծ, որոնցից 7-ը սահմանադրական օրենքների նախագծեր են:

«Նախորդող մեկ տարվա ընթացքում մենք վերոգրյալ ակտերով սահմանված ժամկետների պահպանմամբ կատարել ենք լայնածավալ աշխատանք և ապահովել մի շարք օրենքների, այդ թվում՝ նաև 4 սահմանադրական օրենքի ընդունումը: Այսպես` 2015 դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 210-րդ հոդվածի համաձայն` Ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվեր ՀՀ Սահմանադրությանը և ուժի մեջ մտներ 2016 թվականի հունիսի 1-ից, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը 2017 թվականի հունվարի 1-ից: Ցանկանում եմ նշել, որ Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում ապահովվել է նշված օրենքների ընդունումը: Միևնույն ժամանակ, Սահմանադրության փոփոխությունների 210-րդ հոդվածի համաձայն` «Ազգային ժողովի կանոնակարգ», «Կուսակցությունների մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: Այս առումով պետք է նշեմ, որ արդեն իսկ ապահովվել է այդ օրենքների ամբողջությամբ ընդունումը ՀՀ Ազգային ժողովի կողմից և դրանք նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվանից կսկսեն գործել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ Սահմանադրության փոփոխությունների համաձայն` սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Նշված սահմանադրական օրենքները ընդունվել են քաղաքական բոլոր ուժերի հետ համաձայնեցման արդյունքում և որոշ դեպքերում ստացել են ավելի քան ձայների 3/5-ը: Ավելին, նախարարի խոսքով, չնայած սեղմ ժամկետներին այս օրենքների ընդունումը ուղեկցվել է նաև միջազգային փորձաքննությամբ: Այսպես` Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքների վերաբերյալ մենք ստացել ենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները: Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի հրամանագրի համաձայն՝ մինչև այս պահը ՀՀ Ազգային ժողով պետք է ներկայացվեր Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա հետևյալ օրենքները. «Սահմանադրական Դատարանի մասին» ՀՀ օրենքը, Դատական օրենսգիրքը, որոնք սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ Ազգային ժողով:

«Անհրաժեշտ եմ համարում նաև նշել, որ «Սահմանադրական դատարանի մասինե օրենքը ուղարկվել է նաև միջազգային փորձաքննության Վենետիկի հանձնաժողով: Շուտով պատրաստվում ենք նաև Վենետիկի հանձնաժողով ներկայացնել Դատական օրենսգրքի նախագիծը: Ինչ վերաբերում է Նախագահի հրամանագրով նախատեսված «Դատախազության մասին», «Հանրաքվեի մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքների նախագծերին, ապա «Դատախազության մասին» օրենքի նախագիծը այսօր ներկայացվել է ՀՀ կառավարության հավանությանը, իսկ այլ նախագծերի վրա կատարվող աշխատանքները իրականացվում են Նախագահի հրամանագրով նախատեսված ժամկետների պահպանմամբ և սահմանված ժամկետներում դրանք կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Հարկ է նշել, որ ՀՀ Նախագահի հրամանագրի հիման վրա Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքներ ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 2016 թվականի որոշմամբ: Որոշմամբ սահմանված ժամկետների պահպանմամբ Կառավարություն են ներկայացվել բոլոր այն նախագծերը, որոնք մինչ այս պահը որոշման համաձայն պետք է ներկայացվեին ՀՀ Կառավարություն: Կառավարության որոշմամբ սահմանված ժամանակացույցի համաձայն՝ մինչև տարվա վերջ ՀՀ Կառավարություն պետք է կներկայացվի ևս 45 օրենքի նախագիծ, որոնցից մոտ 23 «Կառավարության մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթի հետ կներկայացվեն որպես հարակից նախագծեր»,- ասաց նախարարը:

Հաջորդ ակտը, որով սահմանված են, Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ենթակա ցանկը ՀՀ Կառավարության 2016 թվականի որոշում: Այս որոշման դեպքում ևս սահմանված ժամկետների պահպանմամբ կառավարություն են ներկայացվել բոլոր այն նախագծերը, որոնք մինչ այս պահը պետք է ներկայացվեին ՀՀ կառավարություն: Կառավարության որոշմամբ սահմանված ժամանակացույցի համաձայն՝ մինչև տարվա վերջ ՀՀ Կառավարություն պետք է կներկայացվի ևս 5 օրենքի նախագիծ: Ինչ վերաբերում է ենթաօրենսդրական ակտերի Սահմանադրության փոփոխությունների համապատասխանեցմանը, ապա պետք է նշեմ, որ համապատասխան օրենքների նախագծերի ընդունումից հետո սեղմ ժամկետներում իրականացվում են փոփոխություններ համապատասխան ենթաօրենսդրական ակտերում կամ ընդունվում են նոր ենթաօրենսդրական ակտեր: Այսպես` միայն ՀՀ Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո ընդունվել լրացվել կամ փոփոխել մոտ 25 ենթաօրենսդրական ակտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am