Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Բանավեճը հոգևորականների գործը չէ. Բեքչյանը պատասխանել է Աթեշյանի հայտարարությանը

Բանավեճը հոգևորականների գործը չէ. Բեքչյանը պատասխանել է Աթեշյանի 
հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ, Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը պատասխանել է օրեր առաջ պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրապարակած հայտարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Պատասխան հայտարարությունում Բեքչյանը հիշեցրել է, թե ինչպես 2016 թվականի հոկտեմբերի 26-ին եկեղեցական համագումարի ժողովի ժամանակ պատրիարքական գահը հայտարարվեց «թափուր», ինչը նոր պատրիարքական ընտրությունների անցկացման հրամայական էր: Արդեն 2017 թվականի փետրվարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպման ժամանակ որոշում կայացվեց տեղապահի ընտրություններ անցկացնելու մասին, ինչից հետո Աթեշյանը պետք է լքեր փոխանորդի իր պաշտոնը, իսկ վեց ամսվա մեջ պետք է կայանային պատրիարքի ընտրությունները: Համաձայն կայացված որոշման` մարտի 15-ին անցկացվեցին տեղապահի ընտրություններ, որին որպես թեկնածու մասնակցեց նաև Աթեշյանը: Բեքչյանն ընդգծել է, որ չնայած կայացված պայմանավորվածությանը` Աթեշյանն ընտրությունից հետո հրաժարական չտվեց ու չլքեց փոխանորդի պաշտոնը:

Տեղապահ ընտրված Բեքչյանի հայտարարության շարունակության մեջ ասվում է. «Իմ արքեպիսկոպոս եղբայր Արամ Աթեշյանն իր անհաջող հայտարարության մեջ խոսում էր հավասարակշռությունից: Դա ի՞նչ հավասարակշռություն է: Ո՞ւմ միջև: Ինչի՞ համար ու ո՞ր նպատակով է ստեղծվել: Ինչպե՞ս  է աշխատում: Ի՞նչն է այդ հավասարակշռությունն այդքան կենսական դարձնում: Արդյոք այդ հավասարակշռությունն ու դրա պահպանումը մեր համայնքի համար այնքան կարևոր է, որ չնայած այսքան պահանջներին, եկեղեցական կարգին ու կրոնական ավանդույթներին` նա ցանկանում է պահպանել համառությամբ գրաված պաշտոնը:  Այս հարցերն օրինական են, բայց  դրանց պատասխաններն այնքան ցավալի են, որ չենք ցանկանում դրանք լսել:

Հայտարարության մեջ նշվում է, որ «ցավով են վերաբերվում» Քյոլնից արված իմ նախաձեռնություններին: Իմ բաց ու թափանցիկ նախաձեռնությունները կոչված են պահպանել մեր եկեղեցու պատիվը, հոգևորականության արժանապատվությունը և ավանդույթները: Դրանք ոչ ոքի տխրեցնելու նպատակ չունեն:

Բանավեճը հոգևորականների գործը չէ: Մենք պետք է խոսենք միայն մեր սուրբ կրոնի, մեր եկեղեցու արժանապատվության, մեր առաջնորդած ժողովրդի պատվի և միմիայն ճշմարտության շրջանակում:

Մի քանի օրից կվերադառնամ Ստամբուլ: Իմ պարտականությունն եմ համարում ավելի լայն ու համապարփակ հայտարարությամբ համայնքին ու ողջ հասարակությանը լուսավորելը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am