Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անկախության ողջ շրջանում ԱՄՆ-ն եղել է Հայաստանի բարեկամը. Ռիչարդ Միլս

Անկախության ողջ շրջանում ԱՄՆ-ն եղել է Հայաստանի բարեկամը. Ռիչարդ Միլս

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 25-ամյա պատմության ընթացքում Միացյալ Նահանգները մշտապես եղել է Հայաստանի բարեկամը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսի բացմանը հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

«Մենք առաջին երկիրն էինք, որ Երևանում դեսպանությունը բացեց 1992թ-ի փետրվարի 3-ին «Հրազդան» հյուրանոցում»,- նշեց դեսպանը` հիշատակելով, որ նույն այդ տարվա ընթացքում Հայաստանում իր գործունեությունը մեկնարկեց նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և Խաղաղության կորպուսը:

«Միասին վերջին 20 տարիների ընթացքում կարողացել ենք կերտել ամուր ռազմական, քաղաքական տնտեսական կապեր, ինչպես նաև կապեր երկու ժողովուրդների միջև: Այսօրվա Հայաստանը շատ է տարբերվում 25 տարի առաջվա Հայաստանից, և այդ ժամանակ ես պատիվ ունեի պետքարտուղարությունում լինել Հայաստանում զբաղվող առաջին պաշտոնյան: Շատ վառ հիշում եմ այդ օրերից որոշակի դրվագներ, երբ այդ օրերին իմ շատ փոքր դերն ունեցա մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործում: Հիշում եմ, թե ինչպես պատրաստեցի այն հուշագիրը, որը հաստատվեց այն ժամանակվա պետքարտուղար Բեյքերի կողմից, որով ճանաչվում էր Հայաստանի անկախությունը. հինգ տարբեր մարդկանց հետ ճշտում էինք, թե ինչպես պետք է գրել «Հայաստան» բառը»,- պատմեց դեսպան Միլսը:

Ամերիկացի դիվանագետը մի շարք հիշողություններ ներկայացրեց նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ԱՄՆ կատարած առաջին այցի մասին, ինչպես նաև իր հանդիպումների մասին այն սփյուռքահայերի հետ, ովքեր Հայաստանում ամերիկյան համալսարան հիմնելու գաղափար ունեին:

«Դրանք իմպրովիզացիայի, ստեղծագործականության և մեծ հույսերի ժամանակ էին, և ինձ համար պատիվ էր լինել այդ գործընթացների մասնակից»,- ամփոփեց Ռիչարդ Միլսը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am