Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մասիսի երիտասարդական կենտրոնը երիտասարդների համար նոր փորձ ու գիտելիքներ ձեռք բերելու հարթակ է դարձել

Մասիսի երիտասարդական կենտրոնը երիտասարդների համար նոր փորձ ու գիտելիքներ 
ձեռք բերելու հարթակ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասիսի երիտասարդական կենտրոնի գործունեությունը միտված է իրականացնելու երեխաների բազմակողմանի զարգացմանը, նրանց աշխարհայացքի ընդլայնմանը, տաղանդների բացահայտմանը, քաղաքացիական ակտիվության և կամավորության մշակույթի խթանմանն ուղղված ծրագրեր: Մարտի 28-ին կենտրոնում շրջայց է կատարել աշխատանքային այցով Արարատի մարզում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանն ընդգծեց, որ հիմնադրամը  հիմնադրվել է 2015թ. դեկտեմբերին «Ադիբեկյան ընտանիք» հիմնադրամի կողմից: Հիմնադրամի գործունեության ընթացքում առաջին քայլը եղել է Մասիսում երիտասարդական կենտրոնի հիմնումը: «Մենք գտնում ենք, որ մեր շարժիչ ուժը երիտասարդությունն է, իսկ Մասիսում մենք երիտասարդների համար նման հարթակ չունեինք: Մենք անցած տարի բացեցինք այս կենտրոնը, որը միանգամից դարձավ Մասիսի երիտասարդների սիրելի վայրը: Սա մի հարթակ է, որը երիտասարդներին ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս, նրանց հնարավորություն է տալիս ստանալ նոր գիտելիքներ և փորձ, դառնալ ավելի ինքնավստահ, նպատակասլաց:  Դրա վկայությունն արդեն այսօր կենտրոն հաճախող ավելի քան 120 երեխաներն են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց  Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ կենտրոնը գործում է երեք հիմնական ուղղություններով. կրթություն, կամավորություն և սոցիալական ծրագրերի իրականացում: Կենտրոնում գործում են անգլերեն, գերմաներեն լեզուների դասընթացներ` իմացության տարբեր մակարդակներում, ինչպես նաև գրական, նկարչական, երաժշտական, կինոսիրողների ակումբներ, որոնք վարում են մասիսցի ուսանողները` կամավորության սկզբունքով: Երիտասարդներին առավել հետաքրքրող ուղղությունները բացահայտելուց հետո, Կենտրոնը նախատեսում է արհեստավարժ դասավանդողների ներգրավում: Իրենց կրթական եւ ժամանցի պահանջմունքները բավարարելու նպատակով Կենտրոն են հաճախում շուրջ 120 մասիսցի պատանիներ և երիտասարդներ:

Մասիսի զարգացման հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն ու ուղղություններն են կարող ուժերի համախմբման միջոցով հասնել Մասիս քաղաքում կյանքի որակի բարձրացմանը, ձևավորել երիտասարդների ակտիվ և սրտացավ սերունդ, ովքեր իրենց ներդրումը կբերեն քաղաքի հետագա զարգացման գործում: Հիմնադրամն իրականացնում է քաղաքի կայուն զարգացմանը միտված երկարաժամկետ կրթական, մշակութային, սպորտային, սոցիալական ծրագրեր` նպատակ ունենալով բարձրացնել հանրային գիտակցությունն ու պատասխանատվությունը, խթանել կամավորական շարժումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am