Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել տեսաժողով Բուրյաթիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել տեսաժողով Բուրյաթիայի հայ համայնքի 
ներկայացուցիչների  հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում մարտի 28-ին տեղի ունեցավ տեսաժողով ՌԴ Բուրյաթիայի Հանրապետության հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Տեսաժողովին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բուրյաթիայից տեսակապով միացել էին ՌՀՄ  Բուրյաթիայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ  Վահե Տոնականյանը, նախագահի տեղակալ   Մարսել Հարությունյանը, պարախմբի ղեկավար Երվանդ Կալաչյանը, համայնքի ներկայացուցիչներ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց տեսաժողովի մասնակիցներին, կարևորեց համայնքի հետ կապերի ակտիվացումը, որը կնպաստի նախարարության ծրագրերին առավել գործուն մասնակցությանը: Նախարարը մասնավորապես նշեց. «Համայնքը հայ պահելու, ազգային ինքնությունը պահպանելու հզոր գործոն է հայոց լեզվի պահպանումը: Կոչ եմ անում բոլորիդ տանը խոսել հայերեն, այդպես մեր երիտասարդներին հայ կպահենք: Եվ մյուս խնդրանքս է՝ բոլոր ուժերը միավորել դպրոցը վերաբացելու համար: Դպրոցն է պահպանում հայկականությունը, լեզուն, մշակույթը, ազգային ավանդույթները: Մենք կօգնենք դասագրքերով, ուսումնաօժանդակ նյութերով, անհրաժեշտ ամեն ինչով: Անգնահատելի է հայ ուսուցիչների դերը հայ երիտասարդներ կրթելու գործում: Եվ վերջապես հայապահպանության հզոր գործոն է նախարարության ծրագրերին նրանց ակտիվ մասնակցությունը, որը կնպաստի հայրենաճանաչությանը և Հայրենիքի հետ նրանց կապի ամրապնդմանը: Կարծում եմ, ամեն հայ պետք է տեսնի Հայաստանը, միայն այդպես հայ երեխան կմտածի հայ մնալու մասին: Պետք է մտածենք մեր հնարավորությունների, գիտելիքների, կապերի միջոցով հասնել Հայաստանի վարկանիշի բարձրացմանը: Սա պետք լինի յուրաքանչյուր հայկական համայնքի խնդիրը»:

Նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը, հրավիրեց մասնակցելու այդ ծրագրերին: Ծրագրերի պայմաններին և նպատակներին ավելի հանգամանորեն ծանոթացրեց Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը:

Ելույթ ունեցան Բուրյաթիայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ  Վահե Տոնականյանը, նախագահի տեղակալ   Մարսել Հարությունյանը: Նրանք անդրադարձան համայնքի հաջողություններին, նշեցին, որ  2015թ. ապրիլի 26-ին Բուրյաթիայի Հանրապետության Ուլան Ուդե քաղաքում հայկա­կան համայնքի նախաձեռնությամբ տեղադրվել է ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար և կազմակերպվել ծառատունկ, տնկվել է 100 թխկի: Հպարտությամբ հավելեցին շախմատային, ֆուտբոլային ակումբները հաղթանակների, պարային համույթի հաջող ելույթների մասին: Նշեցին, որ ամեն ինչ կանեն կիրակնօրյա դպրոցը վերաբացելու համար:

Պարախմբի ղեկավար Երվանդ Կալաչյանը պատմեց անսամբլի հաջողությունների մասին, խնդրեց ազգային տարազների, հայկական զարդանախշերի նմուշներ, էսքիզներ ուղարկել:

Համայնքի ղեկավարը ներկայացրեց առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները: Նա նշեց, որ Հայաստանում տուրիզմի զարգացման համար լավ կլիներ Ուլան Ուդե-Երևան ուղիղ ավիաչվերթներ կազմակերպել և տուրիստական հատուկ ծրագրեր ստեղծել:  Եվ վերջում հավաստիացրեց, որ այս տարի անպայման կմասնակցեն նախարարության ծրագրերին, հույս հայտնեց, որ համագործակցությունը ավելի ակտիվ և արդյունավետ կլինի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am