Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում առաջիկա ներդրումները հիմնականում ուղղվելու են էներգետիկայի ոլորտ. Սամվել Կարապետյան

Հայաստանում առաջիկա ներդրումները հիմնականում ուղղվելու են էներգետիկայի 
ոլորտ. Սամվել Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հայկական սփյուռքի երեք տասնյակից ավելի գործարարներ աջակցում են Հայաստանի կառավարության բոլոր ծրագրերին, որոնք ապահովելու են Հայաստանի բարգավաճումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ մարտի 25-ին հանդես եկավ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկից հետո:

«Ես կարող եմ ասել ինչպես «Տաշիր» խմբի, այնպես էլ մեր ընկերների անունից, ովքեր այսօր այստեղ են, մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք ունենալու այս ակումբի աշխատանքներում, ակումբի հաջողության գործում»,- շեշտեց Սամվել Կարապետյանը:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությանը՝ նա նշեց, որ վարչապետը դեռ շատ անակնկալներ ունի անելու: «Ընդամենը մի քանի ամիս է, ինչ նա սկսել է, բայց ինձ նույնիսկ զարմացնում է Կարեն Կարապետյանի այսքան մարտական տրամադրվածությունը: Նորից ասեմ՝ մենք պաշտպանելու ենք, աջակցելու ենք, և ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս ամեն օր գոլեր են խփվելու»,- ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը:

Նա շեշտեց նաև, որ առաջիկայում կատարվելիք ներդրումները հիմնականում ուղղվելու են էներգետիկայի ոլորտ: «Մենք փորձելու ենք արագ ներդրումների հաշվին աջակցել, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա վերանայել սակագները՝ ի օգուտ նվազեցման»,- ամփոփեց Սամվել Կարապետյանը:

«Հայաստանի ներդրողների ակումբը» ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված առաջին ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդն է մեր երկրում, որի նպատակն է ներքին և արտաքին մասնավոր ֆինանսական միջոցների ներգրավմամբ նպաստել ՀՀ տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող հետևյալ ոլորտների զարգացմանը՝ էներգետիկա, այդ թվում՝ այլընտրանքային էներգիայի արտադրություն, էներգետիկ և զբոսաշրջային ենթակառուցվածքներ, հանքարդյունաբերություն, հանքանյութի վերամշակում, սննդի և թեթև արդյունաբերություն: Նմանատիպ պայմանագրային ներդրումային ֆոնդերը կարևոր տեղ են զբաղեցնում զարգացած պետությունների ֆինանսական գործիքների շարքում՝ հանդիսանալով տնտեսական աճի և տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման գործոն: 
Ֆոնդը, որի կառավարիչը «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ-ն է, իր գործունեությունն իրականացնելու է նոր և գործող ընկերությունների կապիտալի մասնակցության, պարտատոմսերի և անշարժ գույքի ձեռքբերման, ինչպես նաև փոխառությունների տրամադրման տեսքով: Անդամակցել կարող են ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչը, ելնելով ֆոնդի բնույթից, պետք է հաստատվի հիմնադրամի կառավարող ընկերության՝ «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ տնօրենների խորհրդի կողմից: «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այդ մասնակիցների թիվը չի կարող գերազանցել 49-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am