Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

«Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» արտահայտության համար Նիդերլանդներում Իլհամ Աշկինը դատապարտվեց


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների դատարանը մեղավոր ճանաչեց հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես եկած Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինին: Նա թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել էր «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:

«Մեր ներկայացուցիչը դատարանում է: Քիչ առաջ մեզ տեղեկություն հաղորդեց այն մասին, որ դատարանը բավարարել է մեղադրող կողմի պահանջը: Ավելին` դատարանը որոշել է  հարկադիր աշխատանքային 120 ժամ նախապես ներկայացված 80 ժամի փոխարեն: Պայմանական բանտարկությունը նույնպես ավելի է վճռվել։ Երկուսի փոխարեն չորս շաբաթ` երկու տարի պայմանական ժամկետով։ Դատական վճռի մանրամասները կներկայացնենք ավելի ուշ: Այս պահին կարող ենք ասել, որ սա կարևոր որոշում է: Դատապարտումը նշանակում է, որ հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների կոչ անող ինչ-որ մեկն անպատիժ չի մնա»,-ասաց Մասիս Աբրահամյանը:

Ալմելո քաղաքում մարտի 3-ին տեղի է ունեցել Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը։ Աշկինը մեղադրվում էր հայերի դեմ բռնություն և ատելություն սերմանելու մեջ, քանի որ նա Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելոյում տեղի է ունեցել հանրահավաք, որին հիմնականում մասնակցում էին թուրքեր և որն ուղղված էր Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ։ Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ