Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը և Եվրամիությունն ավարտել են նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները. Նախագահ Սարգսյան

Հայաստանը և Եվրամիությունն ավարտել են նոր շրջանակային համաձայնագրի շուրջ 
բանակցությունները. Նախագահ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Եվրոպական միությունն ավարտել են նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում:

«Այսօրվա հանդիպման կենտրոնական թեման Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրն է: Այսօր գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերն ավարտել են բանակցությունները: Նոր իրավական փաստաթուղթը՝ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արտահայտում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը: Միաժամանակ հարկ է նշել, որ շրջանակային համաձայնագրից զատ, մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել նաև ոլորտային համագործակցության առումով` ստորագրելով փոքր և միջին ձեռնարկությունների և նորարարության «Հորիզոն 2020» ծրագիրը: Առաջիկայում հաջողությամբ կավարտենք նաև ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրի և «Ստեղծագործ Եվրոպա» նախաձեռնությանը միանալու աշխատանքները»,-նշեց ՀՀ Նախագահը:

Ընդհանուր առմամբ, նախորդ երկու տարիները, Նախագահ Սարգսյանի գնահատմամբ, ՀՀ-ԵՄ համագործակցության տեսանկյունից առանձնացել են աշխուժությամբ, զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Բրյուսելյան հանդիպման ընթացքում նախատեսված են նաև Սերժ Սարգսյանի  հանդիպումները Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Բրյուսելում նախատեսված է նաև ՀՀ Նախագահի հանդիպումը «Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետների հետ: Սերժ Սարգսյանը «Կարնեգի» կենտրոնում հանդես կգա ելույթով:

Հանրապետության Նախագահն աշխատանքային այցի շրջանակներում կհանդիպի նաև հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am