Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանի դեսպանությունը շահարկել է Լիտվայի Սեյմասը քարոզչական միջոցառմանը մեծ լսարան ապահովելու նպատակով

Ադրբեջանի դեսպանությունը շահարկել է Լիտվայի Սեյմասը քարոզչական միջոցառմանը 
մեծ լսարան ապահովելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի հայկական համայնքը տապալել է Ադրբեջանի հերթական քարոզչական միջոցառումը: Լիտվայում Ադրբեջանի դեսպանությունը դիվանագիտական ներկայացուցչություններին և Լիտվայի քաղաքական գործիչներին փետրվարի 20-ին «Վիլնյուսի քաղաքային սրահում» կայանալիք այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության 25 ամյա տարելիցին» նվիրված համերգի մասնակցության հրավերներ է հասցեագրել, սակայն հայկական համայնքի ներկայացուցիչների ջանքերի արդյունքում այդ միջոցառումը տապալվել է, քանի որ հաջողվել է բացահայտել ադրբեջանական քարոզչամեքենային հարիր հերթական կեղծիքը: Ադրբեջանի դեսպանությունը հրավերներն ուղարկել է Լիտվայի խորհրդարանի Ադրբեջան-Լիտվա բարեկամության խմբի անունից, սակայն իրականում պարզվել է, որ խմբի անդամները տեղյակ չեն եղել իրենց անունից հրավերներ ուղարկվելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս կապակցությամբ հայտարարություն է տարածել  «Բալթյան հայերի միություն»-ը, որում մասնավորապես ասված է.

«Մտահոգությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանի դեսպանությունը դիվանագիտական ներկայացուցչություններին և Լիտվայի քաղաքական գործիչներին՝ փետրվարի 20-ին «Վիլնյուսի քաղաքային սրահում» կայանալիք այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության 25 ամյա տարելիցին» նվիրված համերգի մասնակցության հրավերներ է հասցեագրել: Միջոցառման հրավերներն ուղարկվել են Սեյմասի Ադրբեջան-Լիտվա բարեկամության խմբի անունից, իսկ Սեյմասի պատկերանշանը (լոգոն) զետեղվել է հրավիրատոմսի վրա: Պարզաբանում ստանալու նպատակով հարցում կատարեցինք Սեյմաս: Մենք նաև Սեյմասի վերոնշյալ խմբի որոշ անդամների հետ կապ հաստատեցինք: Գրավոր պարզաբանում դեռևս չենք ստացել, սակայն մեր զրույցներից հասկանալի դարձավ, որ խմբի անդամները տեղեկացված չեն եղել իրենց անունից հրավերներ ուղարկվելու մասին: Ավելին և ի վնաս Ադրբեջանի դեսպանության, առավել մտահոգիչն այն է, որ Սեյմասն իր պատկերանշանն այս միջոցառման շրջանակներում կիրառելու արտոնություն կարծես չի էլ տվել: Այսպիսով, սուտն ու աղավաղումը կիրառվել են՝ գրավչություն առաջացնելու մի միջոցառման նկատմամբ, որն ինքնին պատմական կեղծիք է, թեև 1992թ-ին ողբերգություն է տեղի ունեցել:

Մեր մտահոգությունը, առաջին հերթին, Ադրբեջանի կողմից պատմության մեկնաբանությունը չէ, այլև լիտվացի քաղաքական գործիչներին և դիվանագիտական շրջանակներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության որոշ դրվագների այս միակողմանի և լիովին աղավաղված մեկնաբանության մեջ ներքաշելու փորձը:

Հասկանալի է, երբ որոշ պետություններ փորձում են ժամանակակից պատմությունը մեկնաբանել յուրովի՝ այդպիսով ընդգծելով կամ անտեսելով նույն շղթայի մնացյալ իրադարձությունները: Սակայն միանգամայն անընդունելի է կեղծարարություններ և այդ կեղծարարությունների վրա սարքած պատմություններ տարածել, որոնք ներկայացվում են որպես անհերքելի ճշմարտություն: Խոջալուի ողբերգությունը Ադրբեջանը պաշտոնապես ներկայացնում է որպես «ցեղասպանություն» և մեծ գումարներ է ծախսում հորինված «ցեղասպանությունը» միջազգային հանրությանը յուրովի ներկայացնելու համար։

Որևէ ցեղասպանագետ Խոջալուն որպես «ցեղասպանություն» չի որակել, քանի որ նման եզրույթի կիրառության համար հստակ կերպով պետք է հստակ մատնանշվեն մտադրությունը, ծավալը, իրականացնողների ու զոհերի ինքնությունը։ Մինչդեռ այս դեպքում դա չի արվում։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում քաղաքացիական բնակչությունը պարբերաբար ենթարկվել է զինված հարձակումների և երբեմն էլ՝ ջարդերի ու կոտորածների։ Առավել հայտնիներից հարկ ենք համարում առանձնացնել հետևյալ իրադարձությունները. Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղի քաղաքացիական հայ բնակչության հիմնովին ոչնչացումը, հայերի էթնիկ զտումները Նախիջևանի ինքնավար մարզում՝ Ադրբեջանի ԽՍՀ-ում,  հայերի ջարդերն ու կոտորածները Սումգաիթում (Փետրվարի 26-29, 1988), Կիրովաբադում (Նոյեմբերի 21-27, 1988) և Բաքվում (Հունվարի 13-19, 1990), քաղաքացիական բնակչության սպանությունները Ստեփանակերտում՝ Շուշիից և Խոջալուից «Գրադ» զինատեսակի կիրառմամբ։ 2016թ. ապրիլին Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և քաղաքացիական բնակչության բարբարոսական սպանությունները (այդ թվում ծերերի և երեխաների), ինչպես նաև գերեվարված կամ սպանված հայ զինվորների գլխատումները ցավալի դրսևորումն են Ադրբեջանում կատաղի և համատարած ատելության շարունակականության, որը հրահրվել և հովանավորվել է ամենաբարձր մակարդակով։

Խնդիրն այն չէ, թե արդյո՞ք Խոջալուի բնակչության հետ պատահածը ողբերգություն է, այլ այն, թե իրականում ինչ է տեղի ունեցել այնտեղ և ով է պատասխանատու այս ողբերգության համար։ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում՝ 1992թ-ին, Լեռնային Ղարաբաղի շրջափակված մայրաքաղաք Ստեփանակերտն ամենօրյա դաժան հրետակոծության է ենթարկվել ադրբեջանական մոտակա կրակակետերից։ Այդ դիրքերից մեկը տեղակայված էր Խոջալու գյուղում՝ Ղարաբաղի և արտաքին աշխարհի միջև կապի միջոց համարվող տարածաշրջանի միակ օդանավակայանի հարևանությամբ։ Ղարաբաղի հայկական ուժերի կողմից Խոջալուի գրավումը առկա շրջափակումը վերացնելու, հրետակոծությունը կանխելու, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ոչնչացնելու նպատակով պարտադրված սովից և ցրտից ազատելու միակ ուղին էր։   Գյուղի թե՛ իշխանությունները և թե՛ բնակչությունը տեղեկացված են եղել սպասվող հարձակման, ինչպես նաև մարդասիրական միջանցքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող Աղդամի ուղղությամբ բնակչության անխոչընդոտ ելքի հնարավորության մասին։ Այն բնակիչներն, ովքեր օգտվել են մարդասիրական միջանցքի հնարավորությունից, կարողացել են հասնել ադրբեջանական դիրքեր։

Գյուղում մնացած բնակչության մյուս հատվածը ռազմական գործողության ժամանակ էական կորուստներ չի կրել, հայտնվել է Ղարաբաղի հայկական զինված ուժերի պաշտպանության ներքո, այնուհետև ապահով կերպով տարհանվել է: Քաղաքացիական բնակչության սպանություններ տեղի են ունեցել ոչ միայն Խոջալուում և դրա անմիջական հարևանությամբ, այլև Աղդամի մոտերքում, որը ոչ թե Ղարաբաղի, այլ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ էր գտնվում։ Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովն ինքը հարցականի տակ է դրել ողբերգությունը հայերին վերագրելու իսկությունը: «Միջանցքը, որի միջոցով մարդիկ կարող էին դուրս գալ, այնուամենայնիվ լքվել էր հայերի կողմից։ Ուստի ինչու՞ պետք է նրանք կրակ բացեին։ Հատկապես Աղդամի շրջակայքում, ուր այդ ժամանակ բավարար ուժեր կային՝ մարդկանց օգնության հասնելու համար» (Այազ Մութալիբով, Ադրբեջանի նախագահ, «Независимая газета», 02.04.1992):

«Խոջալուի բնակիչները պնդում են, որ իրենք օգտագործել են միջանցքի հնարավորությունը, իսկ հայ զինվորները միջանցքի մյուս կողմում կրակ չեն բացել։ Ադրբեջանի ժողովրդական ճակատի որոշ զինվորներ տարհանել են Խոջալուի որոշ բնակիչների Նախիջևանիկ գյուղի ուղղությամբ. պատկերացում չունեմ, թե ինչու, քանի որ այդ ժամանակ այն գտնվում էր Ասկերանի հայկական գումարտակի վերահսկողության տակ։ Մյուսները Աղդամի շրջակայքում հրետակոծության են ենթարկվել» (Էյնուլլահ Ֆաթուլայեվ, Ադրբեջանցի լրագրող, ՛՛Realny Azerbaijan’’ թերթ, Ապրիլ, 2005:

Ադրբեջանի, ինչպես նաև այլ երկրների ներկայացուցիչների նմանօրինակ վկայությունները բավարար են ամփոփելու, որ Խոջալուի բնակիչները Բաքվում իշխանության համար մղվող պայքարի զոհն են դարձել՝ շահարկվելով քարոզչական նպատակներով։ Աղդամի սպանությունների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար սույն հայտարարությանը կցել ենք գրքույկ, ինչպես նաև առաջարկում ենք այցելել http://xocali.net կայքը։ Ոչինչ չի կարող արդարացնել ողբերգությունը քարոզչական նպատակներով կիրառելու փորձերը, հատկապես եթե այդ փորձերը կատարվում են պատասխանատվություն կրողի կողմից։

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ Ադրբեջանի կողմից պատմության խեղաթյուրման խնդիրների մեջ ներքաշվելուց։ Ներկայիս Ադրբեջանի կողմից հորինված զոհի կերպարի ստանձնումը և հայերի դեհումանիզացիան ամենևին չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։ Մեր բոլոր ջանքերն ու ռեսուրսները պետք է ուղղված լինեն կայուն խաղաղության կառուցմանը, այլ ոչ՝ քարոզչության միջոցով ատելություն սերմանելուն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am