Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սահմանադրությունն ավելի է ամրապնդելու Արցախի ժողովրդավարական համակարգը. Աշոտ Ղուլյան

Սահմանադրությունն ավելի է ամրապնդելու Արցախի ժողովրդավարական համակարգը. 
Աշոտ Ղուլյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրությունը նոր մակարդակի վրա է բարձրացնելու Արցախի պատրաստվածությունը բոլոր մարտահրավերներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Սահմանադրությունը նոր մակարդակի վրա է բարձրացնելու Արցախի պատրաստվածությունը թե ներքին, թե արտաքին մարտահրավերներին: Կարծում եմ՝ դա Սահմանադրության հիմնական առաքելություններից մեկն է: Այն ամրապնդելու է այն կարգերը, որոնք ուղղված են մեր երկրի անվտանգության ապահովմանը, ժողովրդավարական համակարգի զարգացմանը, մարդու իրավունքների երաշխավորմանը, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանը», -ընդգծեց Ղուլյանը:

Նա նշեց, որ այս հանրաքվեով ամրապնդվելու է նաև այն գաղափարը, որն արտահատվել է 1988-1989 թվականներին: «Երկիրը կառավարման կիսանախագահական համակարգից անցում է կատարելու նախագահականին: Այդ օրենսդրական մշակումներին անձամբ մասնակցել եմ, և մեզ հաջողվել է գտնել այն ճիշտ հավասարակշռությունը, որ անպայման պետք է լինի Սահմանադրության մեջ»,- ասաց ԼՂՀ ԱԺ նախագահը և հավելեց, որ քվեարկությունից հետո սպասվում են մի շարք հանդիպումներ Արցախում գտնվող դիտորդական առաքելություն կատարող ներկայացուցիչների հետ:

1/8 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նաիրա Պետրոսյանի խոսքով՝ քաղաքացիները մեծ ակտիվությամբ մասնակցում են ընտրությանը:

«Գերմանիայից եկած դիտորդական խումբը շատ բարձր գնահատեց ընտրության ընթացքը: Ընտրությանը մասնակցում են թե երիտասարդները, թե մեծահասակները: Որևէ խախտում դեռևս չի արձանագրվել»,- ընդգծեց Պետրոսյանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել է Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվեն: Փետրվարի 20-ին՝ առավոտյան ժամը 8:00-ին, բացվել են 11 ընտրատարածքների 280 ընտրատեղամասեր, որից մեկը Երևանում՝ ՀՀ-ում գտնվող ԼՂՀ ներկայացուցչությունում, 1-ը՝ «Շուշի» քրեակատարողական հիմնարկում՝ կալանավորների համար: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 102 հազար 757 քաղաքացի:

Սահմանադրության հանրաքվեն տեղամասերում անցկացնելու են 2 հազար 222 հանձնաժողովականներ, որից 68 տոկոսը անկուսակցական են: Քվեարկության ընթացքին հետևելու է 30-ից ավելի երկրի 104 միջազգային դիտորդ, 103 տեղական դիտորդ, ինչպես նաև 80-ից ավելի ԶԼՄ ներկայացուցիչ: Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am