Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Կիրո Մանոյանը խառնաշփոթ է կանխատեսում Թրամփի ներգաղթային քաղաքականության հրամանագրի պատճառով

Կիրո Մանոյանը խառնաշփոթ է կանխատեսում Թրամփի ներգաղթային 
քաղաքականության հրամանագրի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ներգաղթային քաղաքականության վերաբերյալ  նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը խառնաշփոթ իրավիճակ կարող է առաջացնել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` անդրադառնալով Թրամփի հրամանագրին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հունվարի 27-ին ստորագրած հրամանագրով 90-օրյա ժամկետով ԱՄՆ մուտքի սահմանափակումներ են մտցվում Սիրիայի, Իրաքի, Իրանի, Լիբիայի, Եմենի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար:

«Այս գործընթացում անորոշությունը շատ է: Մի կողմից հայտարարություն է տարածվում, որ «գրին քարտ» ունեցողներին չի վերաբերում, սակայն գործնականում եղան մարդիկ, ովքեր բախվեցին այդ խնդրին: Դրանից բացի, եթե անձն ունի ԱՄՆ-ի մուտքի վիզա, բայց այդ նշված յոթ երկրներից մեկի քաղաքացի է` միաժամանակ հանդիսանալով մեկ այլ երկրի քաղաքացի, ասվել է, որ նրանց չի վերաբերում այս հարցը: Չնայած, գործնականում նման անձինք նույնպես խնդիրներ են ունեցել: Այսինքն` այս գործընթացում պարզեցման անհրաժեշտություն կա»,-ասաց Կիրո Մանոյանը:

Նշված յոթ երկրների քաղաքացի հանդիսացող հայերը նույնպես խնդիրներ կարող են ունենալ: Եթե նրանք նշված երկրներից ԱՄՆ են գնացել այդ հրամանագրից առաջ և այս ընթացքում դուրս գան երկրից, ապա կարող են նրանց մուտքն ԱՄՆ արգելվի: Կիրո Մանոյանը նկատեց, որ եղել են դեպքեր, երբ քաղաքացին ունի օրինական փաստաթղթեր, սակայն ԱՄՆ մուտք գործելու ժամանակ դժվարությունների է հանդիպել: Կիրո Մանոյանի խոսքով՝ այդ է պատճառը, որ խորհուրդ է տրվում նշված երկրների ազգությամբ հայ քաղաքացիներին, ովքեր ԱՄՆ-ում են, առայժմ դուրս չգալ երկրից: Հակառակ դեպքում նրանք կարող են դժվարություններ ունենալ:

«Ներկայում դատական գործընթացներ են ընթանում, կարծում ենք, որ այդ ընթացքում որոշ հարցեր կարող են պարզվել»,-ասաց Կիրո Մանոյանը: Այն հարցին, թե ԱՄՆ-ում գտնվող մոտավոր որքան հայերի մասին կարող է լինել խոսքը, որոնք հնարավոր է նման խնդրի բախվել, Կիրո Մանոյանը նշեց, որ տեղեկություններ չունի:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հայտարարություն է տարածել` կապված նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված հրամանագրի հետ, որը նախատեսում է միառժամանակ արգելել 7 երկրի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ: Հայտարարության մեջ հանձնախումբը նշել է, որ շարունակում է մտահոգված լինել նախագահի հրամանագրի առնչությամբ` թե ԱՄՆ քաղաքականության, թե հայ անհատների ու ընտանիքների վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից: Հայտնելով, որ իրենք խնդրի առնչությամբ կապի մեջ են Կոնգրեսի և Սպիտակ տան հետ` հանձնախումբը խորհուրդ է տվել այն հայերին, ում բարեկամները կամ ընկերները ձերբակալվել են ԱՄՆ մտնելիս կամ արգելվել է նրանց մուտքը երկիր, կապվել հանձնախմբի հետ և տեղեկացնել, թե ինչ իրադրության պայմաններում են գտնվում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am