Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանի և Վրաստանի հետ էլեկտրահաղորդման գծերի շահագործումը նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի էներգետիկ համակարգը. Սերժ Սարգսյան

Իրանի և Վրաստանի հետ էլեկտրահաղորդման գծերի շահագործումը նոր մակարդակի 
կբարձրացնի Հայաստանի էներգետիկ համակարգը. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էներգետիկայի բնագավառը, լինելով Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևոր ճյուղերից մեկը, վերջին տարիներին էական ձեռքբերումներ է գրանցել: Էներգետիկայի ոլորտում տարվող աշխատանքներն ուղղված են Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, հուսալի և անխափան ծառայությունների մատուցմանը: Այս մասին հունվարի 25-ին Երևանում մեկնարկած «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շրջանակներում անցկացվող համաժողովի բացմանը ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ գրեթե ամբողջովին արդիականացվել են համակարգային նշանակություն ունեցող բարձրավոլտ ենթակայանները: «Բացի այդ, այս բնագավառում շարունակական և հետևողական աշխատանք է տարվում նոր հզորություններ ստեղծելու, էլեկտրահաղորդման նոր գծեր կառուցելու, նոր տեխնոլոգիաներ ներդնելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ նախագահը:

Նա հավելեց, որ էներգետիկ ոլորտում Հայաստանը տարածաշրջանում սերտ համագործակցություն ունի Իրանի և Վրաստանի հետ: «2019 թ. շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը, որոնք լիովին նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստանի էներգետիկ համակարգը: Նշված ծրագրերը թույլ կտան իրականացնել էլեկտրաէներգիայի տարանցումներ, սեզոնային փոխհոսքեր և փոխանակումներ, ինչպես նաև առևտրային այլ գործարքներ»,- նշեց ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը հայտնեց, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, կարող է յուրօրինակ կամուրջ լինել Իրանի Իսլամական Հանրապետության և ԵԱՏՄ-ի միջև: Այդ հանգամանքը, ըստ Նախագահի, լիովին հնարավորություններ է ստեղծում ներդրումային բազմաթիվ ծրագրերի իրականացման համար՝ ինչպես տեղական, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից:

«Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների եռօրյա շարքը իրականացվում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնի նախաձեռնությամբ: Միջոցառման շրջանակներում կներկայացվեն Հայաստանում էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում կատարված վերջին զարգացումներն ու առկա հիմնախնդիրները, ինչպես նաև՝ ոլորտում հավանական ներդրումների հեռանկարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am