ՍԴՀԿ-ն պատրաստ է միանալ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքին
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պատրաստ է միանալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՍԴՀԿ մամուլի խոսնակ Արթուր Ղահրամանյանը:
«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանն օրերս հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, և այո՛, մենք կարծում ենք, որ պարոն Ծառուկյանի շուրջ ստեղծվղ կոնսոլիդացիան միակ ուժն է, որ երկրում կարող է իրական փոփոխություններ իրակացնել: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պատրաստ է միանալ այդ դաշինքին»,- ասաց Արթուր Ղահրամանյանը:
ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հունվարի 17-ին հայտարարեց քաղաքականություն վերադառնալու և Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին լայն դաշինք ձևավորելու եղանակով մասնակցելու մասին: Գագիկ Ծառուկյանը 2015թ. մարտին հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու և իր գործունեության քաղաքական էջը փակելու մասին: Սակայն ավելի ուշ նա չէր բացառել, որ կարող է բացել ծալված էջը և վերադառնալ քաղաքականություն:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն փետրվարի 6-16-ը, իսկ տարածքային և համամասնական ցուցակները` փետրվարի 16-26-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում