Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մարտ

Սպասվող լրահոս. 20.01.2017


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում այսօր` հունվարի 20-ին, կբացվի «Յանդեքս» ընկերության Ծրագրավորման դպրոցը: Այն «Յանդեքս» ընկերության և «Enterprise Incubator Foundation» հիմնադրամի համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ: Հանդիպմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և այլք:

Այսօր կտրվի Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքների մեկնարկը: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն Ֆելիքս Մելիքյանը, ԾԻԳ-ի շինարարության, տեխվերահսկման ավագ ճարտարապետ Վարազդատ Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնեն մանրամասներ Վեդու ջրամբարի շինարարական ծրագրի մասին:

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական գործընթացներին ընտրական տարում սպասվող ներքաղաքական զարգացումներին, միավորումներին, դաշինքներին կանդրադառնա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից կազմակերպվել և իշխանությունների կողմից հովանավորվել է հայերի ջարդերը Բաքվում։ Այսօր կանցկացվի «Բաքվի ջարդեր. 27 տարի անց. նոր փաստեր, նոր փաստաթղթեր» թեմայով քննարկում։ Թեմայի վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները կներկայացնեն Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

Երևանում կանցկացվի քննարկում «Մարդու իրավունքների վիճակը քրեակատարողական հիմնարկներում. 2016-ի ամփոփում» թեմայով: ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամները, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի պետ Արսեն Մնացականյանը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ Հայկ Քոչինյանը կանդրադառնան խնդրին:

Մեծանուն բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 98-րդ տարեդարձի առթիվ՝ Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի հետ կազմակերպում է այցելություն Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Ս.Կապուտիկյանի շիրմի մոտ տեղի կունենա հիշատակի խնկարկման արարողություն: Այցելությունից հետո կանցկացվի հուշ-ցերեկույթ բանաստեղծուհու տուն-թանգարանում:

Մեկ այլ հոբելյանական միջոցառման մասին: Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառում: 1991 թվականից աշխատում է Երևանի պետական տիկնիկային թատրոնում` որպես ռեժիսոր, 1998 թվականից` որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ