Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Դինքը վերածվել է արդարության փնտրտուքի խորհրդանիշի. Այշե Գյունայսու

Դինքը վերածվել է արդարության փնտրտուքի խորհրդանիշի. Այշե Գյունայսու

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրանտ Դինքի մարդասպանը վերացրեց հույսը, որ Թուրքիայում կարող է որևէ լավ բան լինել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հայտնի թուրք իրավապաշտպան Այշե Գյունայսուն, ով պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի առնչությամբ նշեց, որ մեր օրերում Դինքը վերածվել է արդարության փնտրտուքի խորհրդանիշի:

«Թուրքիայում Ցեղասպանությունից մինչ օրս շարունակվող ինստիտուցիոնալացված ժխտումը ստիպել է Թուրքիայում մնացած հայերին համատեղ ապրել ցեղասպանությունն իրականացրածների թոռների հետ, մտածել և վարվել Թուրքիայի Հանրապետության նման, իսկ հակառակ դեպքում՝ ստիպել է լռել: Հրանտ Դինքն այն հայն էր, որ չէր լռում: Չլռեց, խոսեց, գրեց…

Այն բանից հետո, ինչ 1940-ականներին համարձակ հրատարակություններ անող «Նոր օր» հայերեն պարբերականի ներկայացուցիչ հայ լրագրողներն ու գրողները լռեցվեցին և գրեթե ամբողջությամբ ստիպված եղան լքել Թուրքիան, Հրանտ Դինքը դարձավ առաջին հայ մտավորականը, ով հայկական ինքնությամբ դուրս եկավ հանրային ոլորտ, հեռուստաէկրաններ, պատմեց հայերի պատմությունները, թուրքական հասարակությանը հրավիրեց առերեսվելու, աշխատեց ցույց տալ այն, ինչ չէին ցանկանում տեսնել, պաշտպանեց ժողովրդավարությունը, քաղաքացիական հավասարությունը, դեմ դուրս եկավ խտրականությանը, բացեիբաց արտահայտեց առաջադեմ, ձախակողմյան իր գաղափարները»,- նշեց Գյունայսուն:

Նա ընդգծեց, որ Դինքը կողմ էր թուրքական հասարակության հետ երկխոսությանը՝ առանց ավելորդ լարվածության: «Նա նաև դեմ դուրս եկավ եվրոպական երկրներում ցեղասպանության ժխտումն արգելող օրինագծերին, քանի որ հավատում էր, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր հաղորդակցվել թուրքական հասարակության հետ: Նա կարծում էր, որ ցեղասպանության ժխտումն արգելելը թուրքերի ներսում կավելացներ հայերի դեմ զայրույթը, իսկ երկխոսություն հաստատելու համար անհրաժեշտ էր զայրույթ ու ատելություն չհրահրել: Նրա նպատակը թուրքերի հետ խոսել կարողանալն էր: Իսկ խոսել, ըստ նրա, հնարավոր էր միայն լարվածությունը թուլացնելու պարագայում: Այլ կերպ ասած՝ Հրանտ Դինքը կողմ էր, որ լարվածությունն ավելացնող լեզվով խոսելու փոխարեն խոսվի թուրքերի զգայունությունները հաշվի առնող խաղաղարար լեզվով: Նա բազմիցս օրինակ է ծառայել դրա համար: Սակայն Թուրքիան անգամ դա չկարողացավ հանդուրժել»,- փաստեց նա:

Թուրք իրավապաշտպանը նշեց, որ Դինքի շնորհիվ Թուրքիայի հասարակության մեջ մի հատված վերափոխվեց: «Հրանտ Դինքի մարդասպանը վերացրեց հույսը, որ Թուրքիայում կարող է որևէ լավ բան լինել: Սակայն Դինքը հասարակության մեջ տոկոսային հարաբերակցությամբ թեկուզև փոքր, սակայն գրաճանաչ, արդարության զգացում ունեցող մի հատվածի ուղղորդեց դեպի վերափոխում և հասարակությանը ցույց տվեց հայկական իրականությունը: Նա վերածվեց արդարության փնտրտուքի խորհրդանիշի: Նա չի մոռացվելու»,- եզրափակեց Այշե Գյունայսուն:

Արաքս Կասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am