Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

«Ցեղասպանություն՝ ցեղասպանությունից հետո» խորագրով ցուցահանդեսը կներկայացվի Եվրոպայի մի շարք քաղաքներում


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ցեղասպանություն՝ ցեղասպանությունից հետո» խորագրով ցուցահանդեսն ընթացիկ տարում կներկայացվի մի շարք եվրոպական քաղաքներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց  ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

Ցուցահանդեսն առաջին անգամ բացվել է Եվրոպական խորհրդարանում 2016 թվականի փետրվարին: Ցուցահանդեսում ներկայացվել է հայկական եկեղեցիների եւ կրոնական հուշարձանների 32 լուսանկար, որտեղ համեմատության մեջ են դրված հայկական հուշարձանները, եկեղեցիները Հայոց ցեղասպանությունից առաջ եւ հետո:

«Մեկ շաբաթ տևողությամբ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն ունեցավ: Այդ ընթացքում հազարից ավելի այցելու ունեցանք: Մարդիկ տեղեկացվեցին, պատկերացում կազմեցին, թե ինչ է ունեցել հայ համայնքը Հայոց ցեղասպանությունից առաջ և ինչ է մնացել հետո: Այս տարի այդ մեծ արձագանք ստացած ցուցահանդեսը ներկայացնելու ենք եվրոպական տարբեր երկրներում: Մեկնարկը տրվելու է մարտին»,-ասաց Պետո Դեմիրճյանը:

Ընթացիկ տարում Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության հարցն առաջ է տանելու ճանաչման և հատուցման համատեքստում: Պետո Դեմիրճյանը նկատեց, որ նախորդ տարի այդ ուղղությամբ ևս կարևոր միջոցառումներ տեղի ունեցան: Մասնավորապես, մայիսին անցկացվեց խոշոր համաժողով, որտեղ նախանշվեցին հատուցման ուղղությունները` իրավական, տնտեսական և այլն:

Դրանից բացի, արդեն դեկտեմբերին Բրյուսելում տեղի է ունեցավ մամուլի ասուլիս Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ներկայացրած հայցի վերաբերյալ: Պետո Դեմիրճյանը նշեց, որ այս երկու կարևոր կետերի վրա հենվելով էլ 2017 թվականին առաջ են շարժվելու:  

Պետո Դեմիրճյանը տեղեկացրեց, որ, ամենայն հավանականությամբ,  2017 թվականի վերջին Բրյուսելում կազմակերպելու են Եվրոպահայության  4-րդ համագումարը: Այն կտևի մի քանի օր, կներկայացվեն Հայաստանի, Արցախի, Սփյուռքի օրակարգային հարցերը: Նախորդ համագումարը տեղի է ունեցել 2013 թվականին, որն ունեցել է  350 մասնակից:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ