Ադրբեջանում կրկին ընդդիմադիր ակտիվիստ է ձերբակալվել
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 16-ին Ադրբեջանի Նարիմանովի շրջանի ոստիկանության կողմից ձերբակալվել է NIDA քաղաքացիական շարժման ակտիվիստ Ռահիմ Վալիևը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
NIDA շարժման ներկայացուցիչ Սամիր Ասադլին հայտնել է, որ ակտիվիստի ձերբակալության պատճառները դեռևս հայտնի չեն:
Հունվարի 16-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ապօրինաբար թմրանյութեր արտադրելու, պահելու և իրացնելու շինծու մեղադրանքով Ադրբեջանում գործող NIDA քաղաքացիական շարժման մեկ այլ անդամի` Էլգիզ Գահրամանլըին, դատապարտել էր 5 տարի 6 ամսվա ազատազրկման:
Ադրբեջանում իշխանություններին քննադատող և իշխանությունների որդեգրած քաղաքականությանը հակասող կարծիք ունեցող անձանց անօրինական ձերբակալությունները շարունակական բնույթ են կրում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում