Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Համանախագահներն աշխատում են ապրիլյան դեպքերը չկրկնվելու ուղղությամբ. Ալեքսանդր Իսկանդարյան

Համանախագահներն աշխատում են ապրիլյան դեպքերը չկրկնվելու ուղղությամբ. 
Ալեքսանդր Իսկանդարյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան խնդրի կարգավորման բուն գործընթացով, ըստ էության, չեն զբաղվում: Կառույցի գործողություններն ուղղված են սահմանային հատվածում լարվածության թուլացմանը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` անդրադառնալով Մինսկի խմբի վերջին հայտարարությանը:

«Համանախագահները արդեն մի քանի տարի է՝ իրականում չեն զբաղվում ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ: Ակնհայտ է, որ ներկա իրավիճակում, ներկա իրադրությունում ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորում հնարավոր չէ: Խնդրի կարգավորման վերաբերյալ կողմերի դիրքորոշումները, մոտեցումներն այնքան հեռու են միմյանցից, որ դրանք ինչ-որ տեղ համադրելը բավական բարդ է: Նույնիսկ երբեմն կողմերի միջև երկխոսությունն է բարդ: Եվ բավական երկար ժամանակ է միջազգային հանրությունը փորձ է կատարում սահմանային հատվածներում նվազեցնել ռիսկի գործոնը, որպեսզի բռնությունը մնա ինչ-որ շրջանակում»,-ասաց  Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով, ասել, թե կոնֆլիկտը ներկայում հնարավոր է կարգավորել, լուրջ չէ: Համանախագահները ներկայում աշխատում են այն ուղղությամբ, որ ապրիլյան իրադարձությունները չկրկնվեն, և բռնությունը պահպանվի ինչ-որ մակարդակի վրա: Ալեքսանդր Իսկանդարյանն ակնհայտ է համարում այն, որ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատերազմ պետք չէ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել`կապված դեկտեմբերի 29-ին Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի առնչությամբ, ինչի հետևանքով գրանցվեցին մահվան դեպքեր: Հայաստանի զինված ուժերը շարունակում են իրենց մոտ պահել մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դին: Հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են և հակասում են ուժ չկիրառելու պատասխանատվությունն ամբողջությամբ ստանձնած կողմերի պարտականություններին: Համանախագահները հորդորում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խստորեն պահպանել 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ընթացքում ստանձնած համաձայնությունը, այդ թվում և հնարավորինս կարճ ժամկետում ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմների ստեղծման պարտավորությունը: Համանախագահները նաև հորդորում են անհապաղ վերադարձնել մարդկանց աճյունները` համաձայն 2010 թվականին Աստրախանի գագաթնաժողովի պայմանավորվածության` հաշվի առնելով խնդրի բացառապես հումանիտար բնույթը: Մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել երկկողմ մեղադրանքները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իրադրությունը կայունացնելու ուղղությամբ: Համանախագահները ցավակցություններն են հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին և բոլոր հայերին ու ադրբեջանցիներին, ում համար Նոր տարվա հույսերը մթագնեցին կորստի ցավից»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am