Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հավասարության նշան դնող հայտարարությունները չեն նպաստի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Հավասարության նշան դնող հայտարարությունները չեն նպաստի ԼՂ հակամարտության 
խաղաղ կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարությունների տարածումը չի կարող նպաստել, որպեսզի ադրբեջանական կողմը վերջ տա սադրանքներին և կյանքի կոչի խաղաղ կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով դեկտեմբերի 29-ին ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ իրականացված ագրեսիայի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:

 «Մենք մշտապես քննադատել ենք Մինսկի խմբի համանախագահների այն մոտեցումը, որ նրանք ամեն անգամ տարածում են կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարություններ այն դեպքերում, երբ ակնհայտ է, թե իրականում կողմերից ով է սադրանքների հեղինակը: Ես համոզված եմ, որ համանախագահող բոլոր երկրները շատ լավ գիտեն, թե որ կողմն է խոչընդոտում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, որ կողմն է պարբերաբար խախտում պայմանավորվածությունները և լարվածություն ստեղծում: Նրանք ասում են, որ չեն ցանկանում խաթարել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, բայց  նման հայտարարությունները չեն կարող նպաստել խաղաղ կարգավորմանը»,- նշեց պատգամավորը:

Բաղդասարյանը հստակեցրեց, որ հայկական կողմը չի պահանջում հասցեական գնահատականներ հնչեցնել կողմերից միայն մեկի հասցեին, այլ հստակ գնահատական տալ այն կողմի գործողություններին, որը մշտապես խախտում է պայմանավորվածությունները և գնում է լարվածություն ստեղծելու ճանապարհով: «Մենք մշտապես ասել ենք, որ այսպես շարունակել չի կարելի, որովհետև նման հայտարարությունները նպաստում են Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության շարունակականությանը»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: Հայկական կողմից զոհվել է երեք զինծառայող:

Դիվերսիոն անհաջող փորձից 12 օր հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, թե Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի առնչությամբ, որի հետևանքով գրանցվեցին մահվան դեպքեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am