Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Փետրվար

Ավարտվել է սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է  Հ.Ասիրյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, քրեական գործն ուղարկվել է դատարան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի հունիսի 30-ին «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2000 թվականին ծնված Հ. Ասիրյանը, 1988թ. ծնված Ա. Ասիրյանը և 1990թ. ծնված Ռ.Սահակյանը: Հուլիսի 1-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, 16-ամյա  Հ.Ասիրյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ասիրյան եղբայրները մարմնական վնասվածքներն ստացել են Ռ.Սահակյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Քննությամբ հիմնավորվել է, որ 2016 թ. հունիսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևանի Հույսի ավան թաղամասում Ռ.Սահակյանը, մոտեցել է Սահակ Ասիրյանին, և անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Ասիրյան ավագ եղբայրների և Ռ.Սահակյանի միջև։ Վերջինիս ձեռքին տեսնելով դանակ՝ նրանց է միացել նաև կրտսեր Ասիրյանը և փորձել օգնել եղբայրներին, որի ժամանակ էլ Ասիրյան եղբայրներից երկուսը դանակահարվել են, վնասվածքներ է ստացել նաև Ռ.Սահակյանը։ Տուժած 2 եղբայրներին երրորդ եղբայրը ընկերոջ ավտոմեքենայով տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ կրտսեր Ասիրյանը, գիտակցության չգալով, մահացել է։

 

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ռ.Սահակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով, 235-րդ հոդվածի 4- րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարվել է դատարան:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ