Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/41. «Ու՞ր է իմ պանիրը» ստեղծագործությունն ամենավաճառվածն է

Երևանյան բեսթսելեր 4/41. «Ու՞ր է իմ պանիրը» ստեղծագործությունն 
ամենավաճառվածն է

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը: Գիրքը պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանի «Ախպարները» վեպը բարելավել է իր դիրքերը և երկրորդն է: «Ախպարները» հեղինակի առաջին ստեղծագործությունն է, որտեղ ներկայացվում է Եղեռնից փրկված ընտանիքի պատմություն` Հունաստանում, ապա Խորհրդային Հայաստանում: Այն հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից և արժանացել գրականագետների բարձր գնահատականին:

Վրացի ականավոր արձակագիր Նոդար Դումբաձեի «Հավերժության օրենքը» վեպն ու «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» վիպակն ամփոփող գիրքը երրորդն է մեր ցանկում: Երկուսին էլ հատուկ են իրականության հոգեբանական դիտարկումները, պայծառ լավատեսությամբ, արտասովոր քնարականությամբ, հոգեպարար հումորով, ինչպես նաև ժողովրդախոսակցական լեզվի ու մտածողության հյութեղ բառ ու բանով:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունն այս շաբաթ կրկին չորրորդն է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքը վերադարձել է ամենավաճառվածների ցանկ և հինգերորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:

Վեցերորդ տեղում նոր գիրք է: Լևոն Շահնուրի «Ճանապարհորդություն. Սիրուց առաջ» վեպում կյանքի ու մահվան նշաններն են: Հեղինակը կիրառել է բազմաթիվ ոճեր, ճարտարապետական և մաթեմատիկական պատկերներ, սյուժեն փոփոխական է, ընթացքը հաճախ հեղինակի համար էլ անակնկալ: Գրվածքն ինչ-որ տեղ անհայտ ուժինն է` քնած Ադամինը, վերջինս աչքի տակով թաքուն նայում է կնոջ մարմնին, որն արտասվելիս ամբողջովին մերկ էր ու կտոր-կտոր քարտեզագրվում էր ննջող մարմինը:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»  ստեղծագործությունը կորցրել է մի քանի հորիզոնական և յոթերորդն է: Սա Ուայլդի միակ հրատարակված վեպն է, որն աշխարհի ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում։

Էդգար Հարությունյանի՝ «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն այս անգամ զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը:

Պաուլու Կոելյուի «Վերոնիկան որոշում է մեռնել» վիպակը նորից ցանկում է և իններորդն է: Այն հեղինակի ամենահայտնի ու մեծ աղմուկ հանած ստեղծագործություններից է: Գրքում շարադրված է պատմություն մարդու մասին, ով որոշելով մեռնել, այնուամենայնիվ, մահվան հանդեպ դրսևորում է ապրելու աննկարագրելի կամք՝ ապացուցելով, որ ապրած յուրաքանչյուր օր հրաշք է: Պորտուգալերենից թարգմանել է Աննա Մարությանը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է «Խատուտիկի գինի» ստեղծագործությունը: Այն ամերիկացի ականավոր գրող Ռեյ Բրեդբըրիի ամենաճանաչված գործերից է (1957): Կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը, հեղինակի բնորոշմամբ, իր պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Անգլերենից թարգմանել է Զավեն Բոյաջյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):

Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +4

Սպենսեր Ջոնսոն

«Ու՞ր է իմ պանիրը»

Էդիթ պրինտ  50
2 +6

Նարեկ Գալստյան

«Ախպարները»

Անտարես 30
3 Նոր

Նոդար Դումբաձե

«Հավերժության օրենքը»

Անտարես 30
4 *

Մարկ Արեն

«Այնտեղ որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 25
5 *

Վահան Հովհաննիսյան

«Մանդիլիոն» 

Անտարես 25
6 Նոր

Լևոն Շահնուր

«Ճանապարհորդություն սիրուց առաջ»

Անտարես 21
7 -4

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ պրինտ 20
8 -2

Էդգար Հարությունյան

«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 20
9 *

Պաուլու Կոելյու

«Վերոնիկան որոշում է մեռնել»

Անտարես 20
10 *

Բրեդբըրի

 «Խատուտիկի գինի» 

Անտարես 14

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am